Երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ


15:24 , 9 հունիս, 2023

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և անձն արգելանքից ազատ է արձակվել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա նաև ասաց, որ այն հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ըստ համայնքի բնակիչների, ծեծի էր ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին: Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: