Իրանը մտադիր է Պարսից ծոցում գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ


17:13 , 7 հունիս, 2023
Իրանը Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ ծրագրում է գազային հանգույց ստեղծել Իրանի հարավային Բուշեհր նահանգի Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին։

Այս մասին հայտարարել է երկրի նավթի հարցերով նախարար Ջավադ Օուջին։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Նախարարը ուշադրություն է հրավիրել Պարսից ծոցում գազային հանգույցի հաջող իրականացման մեծ հավանականության վրա, քանի որ Իրանը գազի պաշարներով երկրորդն է աշխարհում։ Բացի այդ, Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ կատարել է Թուրքմենստան գազի ներկրման հետ կապված իր պարտավորությունները։

Օուջիի խոսքով՝ ներկայումս ընթանում են գազային հանգույցի կառուցման փուլերի անհրաժեշտ նախապատրաստումն ու պլանավորումը։