Փոխվարչապետը և ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները


23:11 , 26 մայիս, 2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։

«Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ ընթացող գործընթացները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։