Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել է 6,5 մագնիտուդով հետցնցում


11:46 , 20 մայիս, 2023

Նոր Կալեդոնիայի մոտակայքում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է շաբաթ՝ մայիսի 20-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 01։51-ին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լուայոթե կղզիներից հարավ-արևելք, օջախը՝ 36 կմ խորության վրա։

Ցունամիի նախազգուշացման ամերիկյան համակարգը հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ: Ֆիջիի, Կիրիբատիի, Վանուատուի և Ուոլիս և Ֆուտունա կղզիների ափերի մոտ հնարավոր են մակընթացության մակարդակից մինչև 0,3 մետր բարձրությամբ ալիքներ:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին Լուայոթե կղզիներից հարավ-արևելք գրանցվել է հետցնցում, որի ուժգնությունը կազմել է 6,5 մագնիտուդ:

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մայիսի 19-ին, Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր գրանցվել։ Հայտարարվել էր ցունամիի սպառնալիք։