Այսօր տեսակապի ձևաչափով ՀՀ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները քննարկումներ են ունեցել Արցախի Հանրապետության խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ


22:53 , 31 մարտ, 2023

Այսօր տեսակապի ձևաչափով ՀՀ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները` «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը քննարկումներ են ունեցել Արցախի Հանրապետության խորհրդարանի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:
«Հայաստան» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու Արմեն Ռոստոմյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Արցախից քննարկմանը մասնակցել են ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺ «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:
Քննարկման առանցքում է եղել Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, շրջափակման և նոր էսկալացիայի հավանականության պայմաններում հնարավոր անելիքների ու ներդաշնակեցված գործելու հետ կապված հարցեր:
Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հետ կապված անելիքներն առավել համակարգված ներկայացնելու, Արցախում ստեղծված իրավիճակը համակողմանի ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև` Արցախի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու կարևորությունը:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել քաղաքական խորհրդակցությունները: