Իրավիճակը Հրվ. Կովկասում հղի է լուրջ ապակայունացմամբ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերի մասին


15:19 , 31 մարտ, 2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը մարտի 31-ին Քարտուղարության ղեկավար կազմի և ՀԱՊԿ միացյալ շտաբի բարձրագույն շտաբի ընդլայնված նիստում հայտարարել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ, գրում է belta.by-ը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական։

«Թվարկված ճգնաժամային իրավիճակների կարգավորումը բարդանում է անվտանգության ոլորտում միջազգային պայմանագրերի համակարգի փաստացի քայքայմամբ, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների վրա գործադրվող ուժեղ պատժամիջոցներով և քարոզչական ճնշումներով։ Այնուամենայնիվ, մարտահրավերների բնույթը պահանջում է անդամ երկրների կողմից համակարգված միջոցներ՝ ուղղված կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Միաժամանակ նա նշել է անդամ երկրների անվերապահ հավատարմությունը հավաքական անվտանգության շահերին և ընդհանուր վճռականությունը՝ կիրառելու մշակված համատեղ մեխանիզմները վերը նշված և այլ խնդիրների լուծման համար։