Թրամփին մեղադրանք է առաջադրվել


09:56 , 31 մարտ, 2023

Մանհեթենի մեծ երդվյալ ատենակալները մեղադրանք են առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը պատմական իրադարձություն է նրա անձնական, քաղաքական և բիզնես գործարքների վերաբերյալ տարիներ շարունակվող հետաքննություններից հետո, ինչպես նաև Թրամփի՝ Սպիտակ տունը վերադառնալու մտադրության ֆոնին: Այս մասին գրում է apnews.com-ը:

Մեղադրանքների ստույգ բնույթը պարզ չէ, քանի որ մեղադրական եզրակացությունը կնիքի տակ է, բայց դրանք վերաբերում են 2016 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում պոռնոաստղ Սթորմի Դենիելսին կատարված վճարումներին, որոնց նպատակը Թրամփի արտաամուսնական սեռական հարաբերությունների մասին խոսակցությունները լռեցնելն էր: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:

Դատախազները նշել են, որ իրենք աշխատում են համակարգելու Թրամփի ձերբակալումը, որը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա սկզբին: Նրանք չեն մանրամասնել, թե արդյոք մտադիր են նախկին նախագահին բանտարկել դատապարտման դեպքում:

Աղբյուրը նկատում է, որ սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին:

Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ:
BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջև:

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ: