Զախարովան` Սյունիքում Ադրբեջանի կողմից ռուս զինծառայողների վրա կրակելու միջադեպի մասին


16:52 , 23 մարտ, 2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է օրերս տարածված տեղեկությունն առ այն, որ երկու զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի բժշկական կենտրոն:

«Կատարվածի հանգամանքները պարզվում են Պաշտպանության նախարարության միջոցով: Պետք է սպասել այս հետաքննության արդյունքներին և հետո նոր մեկնաբանել: Ինչ վերաբերում է մեր արձագանքին՝ կոշտ, փափուկ, տարբեր... ապա կա մի փոքր, բայց կարևոր նրբությունը՝ արձագանքները լինում են ոչ միայն հրապարակային, սակայն երկխոսությունն անխափան շարունակվում է: Լիահույս եմ, որ չեք մտածում, որ եթե բարձրախոսով այդ մասին չի ասվել, ուրեմն այդ մասին չի ասվել հեռախոսով, դեմառդեմ, նոտաների հանձնման ընթացքում: Մենք տարբեր գործընկերների, դաշնակիցների, ընկերների հետ մեր կարծիքը տեղ հասցնելու տարբեր միջոցներ ունենք»,- մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում ոչ հրազենային թեթև վնասվածքներով։ Այս մասին հայտնել էր Սյունիքի մարզպետարանը։


Զինծառայողները տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

Ավելի վաղ հայկական տելեգրամյան մի շարք ալիքներ տեղեկություն էին տարածել, թե Սյունիքում ադրբեջանական զինուժի գնդակոծության հետևանքով 2 ռուս զինծառայող է վիրավորվել։ Տեղեկություններ էին տարածվել նաև, թե վիրավորվածներից մեկը մահացել է։