Արցախի ժողովրդի նկատմամբ բացահայտ խտրականության դրսևորում կա. Արցախի ՄԻՊ


15:13 , 23 մարտ, 2023

Armenpress.am-ը գրում է.

Այն քաղաքականությունը, որը վարվում է Արցախի ժողովրդի նկատմամբ, բացահայտ խտրականության դրսևորում է, որն արձանագրվել է Հաագայի դատարանի որոշմամբ: Այս մասին Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում «Արմենպրես»-ի մամուլի սրահից հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան:  

Նա նշեց, որ գտնվելով Արգենտինայում, մասնակցել և շարունակում է մասնակցություն ունենալ մարդու իրավունքների համաշխարահային երրորդ ֆորումին, որի շրջանակներում ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը, Արցախի ժողովրդի նկատմամբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը, բոլոր գոյաբանական սպառնալիքները, որոնց առերեսվում է Արցախը, որոնք հանգեցնում են  բազմաթիվ իրավունքների և ազատությունների խախտմանը:  

Զեկույցում առկա են խնդիրներ, որոնք ամբողջացնում են շրջափակման 100 օրվա պատկերը: Զեկույցում ներկայացվել է մարդու անհատական 7 իրավունքների և հավաքական 4 իրավունքների խախտման վերաբերյալ տվյալներ:  

«Խախտվել է ազատ տեղաշարժի իրավունքը: Ադրբեջանը տարբեր տվյալներ է փորձում հրամցնել՝ միջազգային հանրությանը ցույց տալով՝ իբր ճանապարհը արգելափակված չէ, բայց այն տվյալները, որոնք ներկայացված են մեր զեկուցում և որոնք այսօր ես ձեզ ներկայացնում եմ, հստակ ցուցիչ է նրա, որ ճանապարհն արգելափակված է: 

Եթե մինչև շրջափակումը ճանապարհով օրական երթևեկում էր 2450 մարդ, ապա ամբողջ շրջափակման 100 օրերի ընթացքում Կարմիր Խաչի և ռուսական խաղաղապահների աջակցությամբ այդ  ճանապարհով անցել է 1376 մարդ: Նույնն էլ վերաբերվում է նաև մեքենաների մուտքին և ելքին. շուրջ 43 անգամ կրճատվել են նաև մեքենաների ելքն ու մուտքը: Սա վերաբերվում է նաև  բեռների տեղափոխմանը և հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխմանը: Եթե մինչև շրջափակումը օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ էին ներմուծվում Արցախ, ապա ամբողջ շրջափակման ժամանակ այդ  թիվը կազմել է 3707 տոննա: Կարևոր է նշել, որ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են բաժանված իրենց ընտանիքներից»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:  

Նրա խոսքով՝ շրջափակումը անդառնալի հետևանքներ է թողում մարդկանց ֆիզիկական առողջության իրավունքի վրա, որն արտահայտվել է օրինակ պլանավորված  վիրահատությունների դադարեցմամբ, անհրաժեշտ դեղորայքի բացակայությամբ: Մարդիկ, որպես կանոն, իրենց բուօգնությունը ստանում  էին ՀՀ-ի տարբեր բժշկական հաստատություններում, նրանք այսօր զրկված են այդ հնարավորությունից: Միայն ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ Կարմիր Խաչի հետ  բանակցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում նրանց տեղափոխել ՀՀ-ի տարբեր բժշկական հաստատություններ:  

«Խախտվում է նաև սննդի իրավունքը: Բնակչությունը շարունակում է  կառավորության կողմից ներդրված կանոնակարգումների համաձայն սահմանափակ ծավալով ստանալ 8 սննդատեսակ՝  հնդկաձավար,  մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ և այլն: Այս բնագավառում ևս մարդկանց բնականոն կենսագործունեությունը խաթարված է»,- ասաց նա:   

Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից  պարբերաբար խաթարվել է գազամատակարարումը: 36 օր շարունակ Արցախն ամբողջությամբ կամ մասնակի զրկված է եղել գազամատակարարումից, որը բավարար կենսամակարդակի իրավունքի խախտում է:  

«Հունվարի 9-ից չի վերկանգնվել Հայաստանից դեպի Արցախ եկող միակ բարձրավոլտ լարի էլեկտրամատակարումը, որն անդառնալի հետևանքներ է ունենում մարդկանց վրա և միաժամանակ հանգեցնում է Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտումներին»,- ասաց Ստեփանյանը:  

Շրջափակման այլ հետևանքներից է նաև Արցախում մարդկանց աշխատանքի իրավունքի հետ կապված խնդիրները: Ըստ ներկայացված տվյալների, շուրջ 9800 մարդ կորցրել է աշխատանքի եկամուտը, 782 տնտեսվարող սուբյեկտ  պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը:  

Խախտվում են նաև խոցելի խմբերի՝ երեխաների,  հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքները: 

Ստեփանյանը, խոսելով  4 հավաքական իրավունքենրի մասին, նշեց, որ խախտվում է շրջակա միջավայրի իրավունքը. իրականացվում են չնախատեսված անտառահատումներ: Շրջափակումից տուժել է նաև տնտեսական գործունեության 41 ոլորտ, հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական վնաս՝ խախտվել է զարգացման իրավունքը:  

«Այն քաղաքականությանը, որը վարվում է Արցախի ժողովրդի նկատմամբ, բացահայտ խտրականության դրսևորում է և սա ինչ-որ ձևով արձանգրվել է 2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատության, միջազգային դատարանի որոշման մեջ: Դատարանը միջանցքի փակումը դիտարկել է որպես խտրականության դրսևորում՝ ըստ այդմ կիրառել է միջանկյալ միջոցներ»,- ասաց նա: 

Արցախի ՄԻՊ-ը եզրափակեց՝  հրադադարից հետո Արցախի ժողովրդի նկատմամբ իրականցվող էթնիկ ատելության քաղաքականությունը հստակ ցուցիչ է այն բանի, որ Արցախում մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ և ամենակարևոր պայմանը՝ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի հարգումն ու ճանաչումն է: