Այսօր Փառուխում զոհված Արարատ Թևոսյանի ծննդյան օրն է. 3 օր անց՝ նրա մահվան 1 տարին. խունկ ու խոնարհում հիշատակիդ, ախպեր ջան...


16:10 , 21 մարտ, 2023
Արարատը Հադրութի շրջանի Ցոր գյուղում էր ծնվել։ 2012 թվականից մեկնել էր ՌԴ, մարզչի սրետեֆիկատ էր ստացել, սպորտով էր զբաղվում։ 2020-ին, պատերազմի լուրն առնելուն պես, վերադառնում է, կամավորագրվում ու մեկնում Սանասար (Կուբաթլու)։ Այդ պատերազմից Արարատը ողջ դուրս եկավ։ Չնայած հայրնեի գյուղը մնաց թշնամու ձեռքում։
Թվում էր պատերազմը ավարտվեց, բայց Արարատը չէր կարող մնալ Հայաստանում. նա մեկնեց Արցախ` ծառայության անցնելով ՊԲ-ում։
Հայրը համոզում էր, որ չգնար, հազիվ էր փրկվել պատերազմի արհավիրքներից, սակայն Արարատը պնդեց. «Որ ես չգնամ, նա չգնա, բա մեր հայրենիքը ո՞վ պիտի պաշտպանի...»։ Հոր սրտում վախ կար...
Նախքան 2022 թվականի մարտի 24-ի` թշնամու ոտնձգություններին, Արարատը Երևանում էր` բժշկվելու նպատակով, 10 օր պիտի մնար, սակայն լսելով, որ վիճակը լարված է, շտապեց Արցախ։
Մարտի 21-ին ծնունդն էր, դարձել էր 32 տարեկան։ Մարտի 24-ին թշնամին խախտել էր եռակողմ հայտարարության պահանջները և անօդաչուներով հարձակում սկսել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Հենց այդտեղ էլ հայրենի Արցախի հողը պաշտպանելով, իր երեք ծառայակիցների հետ անօդաչուի հարվածից զոհվեց Արարատը...
Այսօր նրա ծննդյան օրն է։ 3 օր անց՝ նրա մահվան 1 տարին... Երկնային ծնունդդ շնորհավոր, Արո ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, ախպեր ջան...