Է.Արշակյանին պատկանող հողամասը գցել են Գրիգորի Խաչատուրովի գրպանը. առաջ թմրանյութ էին գցում գրպանը, հիմա՝ հող. պաշտպան


13:36 , 20 մարտ, 2023

Բացարձակ սուտ է ԱԺ-ում փետրվարի 7-ին դատախազի հայտարարությունը, թե Գրիգորի Խաչատուրովին փաստացի պատկանող գույքը այս պահին գրավադրված է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սեյրան Օհանյանի գործով անցնող Էդգար Արշակյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը արդեն պաշտոնից հեռանալուց հետո իր կողմից գրավադրած բնակարանը վաճառել է, բանկային պարտավորությունները մարել է եւ դրա հիման վրա էլ այս անշարժ գույքը գրավից ազատվել է:

«Այս իշխանությունը գենետիկ անհանդուրժողականություն ունի թուրքին հաղթած ցանկացած անձի նկատմամբ, այլ տարբերակ չկա։ Այն, որ ասում են՝ բացառված է, որ Հայաստանում գործ կարեն, ասում եմ՝ Էդգար Արշակյանին պատկանող հողամասը տանում, գցում են Գրիգորի Խաչատուրովի գրպանը։ Գործ կարելը պոզով-պոչով չի լինում», - հայտարարեց Միհրան Պողոսյանը։

Նա պնդեց, որ այստեղ անօրինական փողերի լվացման հանցակազմ չկա. «Փողերի լվացման հանցակազմն ասում է՝ նախօրոք անօրինական ծագում ունեցող գույքը ինչ-որ քողարկված գործարքների միջոցով օրինական ցույց տալն է: Հիմա այդ գույքը, ոնց 2009-ինե ղել է, այնպես էլ 2023-ին կա, ո՞ւր է այդ հանցավոր խեղաթյուրումը, ե՞րբ նախորդող գործարքը տեղի ունեցավ, երբ դրա վրա ձեւավորվեց գույք: Բացարձակ չկա: Այ սենց ա լինում, որ գործը կարում են: 1990-ականներին թմրանյութ էին գցում գրպանը, հիմա հասել ենք նրան, որ հող են գցում մարդկանց գրպանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար,  դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։