ԼՂ-ում իրավիճակը բռնության վերածվելու հակում ունի․ հակամարտության լուծմանն աջակցելու համար ԱՄՆ-ը կանի ամեն ինչ․ Պետդեպ


10:52 , 10 մարտ, 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հրատապ հարց է, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ նուրբ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով է ԱՄՆ հետախուզության՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության հնարավոր սրման վերաբերյալ զեկույցը ենթադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի ջանքերին հրատապություն հաղորդելու անհրաժեշտություն։

«Այս հարցի հետ կապված միշտ էլ եղել է հրատապություն, քանի որ սա նուրբ իրավիճակ է: Սա մի իրավիճակ է, որը, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, բռնության վերածվելու մեծ հակում ունի: Դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ։ Մենք կշարունակենք դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին», - ասել է Փրայսը:

Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կկիրառի բոլոր համապատասխան մեխանիզմները՝ օգնելու ՀՀ-ին և Ադրբեջանին դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների։