Հաջողություն գրանցելու առաջին գրավականը լավ կրթությունն է․ ՔՊ–ական պատգամավորը՝ ծաղկաձորցի աշակերտներին


12:26 , 4 փետրվար, 2023
«Հաջողություն գրանցելու առաջին գրավականը լավ կրթություն ստանալն է»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Պատասխանելով հյուրերի հարցերին՝ խորհրդարանականն անդրադարձել է կրթական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով. «Վերջին չորս տարիների ընթացքում կրթական համակարգում բազմաթիվ փոփոխություներ են տեղի ունեցել եւ հիմա էլ շարունակվում են, դրանք կրում են ոչ միայն կրթական, այլեւ քաղաքական բնույթ։ Այն արատավոր երեւույթները, որոնք գոյություն են ունեցել տարիներ շարունակ, վերացել են»։ Նա հույս է հայտնել, որ դրանք կնպաստեն ապագա սերունդների զարգացմանը եւ որակյալ մասնագետների ավելացմանը մեր երկրում։ Վաղարշակ Հակոբյանը խորհուրդ է տվել շատ կարդալ, լինել բազմակողմանի զարգացած, ինչն ապագայում էլ ավելի կօգնի մասնագիտական աշխատանքի հարցում։
Աշակերտները հետաքրքրվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանն ուղղված լուծումներով։ Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ օգտագործվում են բոլոր հնարավոր միջազգային հարթակները՝ հարցի դրական լուծման համար։ Պատգամավորը նշել է, որ պետք է հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով, եւ Հայաստանը չի տրվելու Ադրբեջանի սադրանքներին։
Աշակերտի այն հարցին՝ ի՞նչ ռազմական ձեռքբերումներ ունի Հայաստանը, Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ բանակում մեկնարկել է մեծ ռեֆորմների ծրագիր. քայլեր են ձեռնարկվում կրթական ցենզի բարձրացման եւ ռազմական գործի տիրապետման ուղղությամբ։ Նրա խոսքով իշխանությունները որդեգրել են պրոֆեսիոնալ բանակի անցման քաղաքականությունը։
Հյուրերը հանդիպումից հետո նիստերի դահլիճում լուսանկարվել են իրենց դպրոցի շրջանավարտ, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։