Որոշ ՀՅԴ-ական գործիչների մուտքը Հայաստան արգելվել է Փարիզում Փաշինյանի մեքենայի վրա ձու նետելու համար. Սինանյան (Video)


14:20 , 2 փետրվար, 2023

Իմանալու համար, թե կոնկրետ ինչու է որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելվում՝ ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան տեղյակ եմ, բոլոր մարդիկ, որոնց մուտքն արգելվել է Հայաստան, կապված են մեկ միջադեպի հետ` ՀՀ պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակման։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` անդրադառնալով Հայաստան ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքի արգելքին։

Սինանյանը նշեց, որ խոսքը 4 անձի մասին է, որոնց մուտքը ՀՀ արգելվել է նույն գործով։

Նշենք, որ խոսքը բողոքի ակցիայի մասին է, որը տեղի էր ունեցել 2021 թ. հունիսի 1-ին Ֆրանսիայում, որտեղ հայ ցուցարարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ ձվեր և այլ իրեր էին նետել։

Լրագրողների դիտարկմանը, թե դա բողոքի ակցիա է եղել՝ Սինանյանն արձագանքեց.

«Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան. ֆիզիկական հարձակումը և ձու նետելը համարյա ոչ մի տեղ ընդունելի ձև չի։ Ձու նետելը պետական սիմվոլները կրող մեքենայի վրա, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»։

Լրագրողի դիտարկմանը, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի նկատմամբ, երբ ցուցարարները ձու էին նետել նախագահ Մակրոնի ուղղությամբ, սակայն դրան որևէ ընթացք Ֆրանսիայի նախագահը չէր տվել և հարձակում չէր որակվել, Սինանյանը նշեց` «Ֆրանսիայում է եղել, պարոն Մակրոնին հարցրեք»։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: