Թուրք կամավորները ժամանել են Զապորոժիե՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելու համար


12:45 , 2 փետրվար, 2023
Թուրք կամավորները ժամանել են Զապորոժիեի շրջան և մարտական պատրաստություն են անցնում Սուդոպլատովի գումարտակում՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես ընկերներիս հետ եկել եմ Թուրքիայից։ Մենք դեմ ենք նացիստներին, գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ և ինչ է կատարվում Ուկրաինայում։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կռվում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ այն նացիստների դեմ, որոնք կառավարում են այն»,- ասել է թուրք կամավորներից մեկը:

Նրա խոսքով՝ ինքը մի քանի տարի սովորել է Մոսկվայի համալսարանում, ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, լավ ծանոթացել ռուսական մշակույթին։

Թուրքիայից ժամանած կամավորը պարզաբանել է, որ ծառայել է թուրքական բանակում, սակայն  չի մասնակցել զինված հակամարտությունների։

Մեկ այլ թուրք կամավոր էլ նշել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի նմանությունը։

«Այսօր մենք իմպերիալիստների և նացիստների դեմ ենք, և Ռուսաստանը ամեն դեպքում կհաղթի այս պատերազմում»,- ասել է նա։

Թուրք կամավորը հավելել է, որ այժմ ինքն ու իր հայրենակիցները պատրաստություն են անցնում և ընտելանում ՌԴ բանակի չափանիշներին։