«Գարուշը վաղը կտեղափոխվի հոսպիտալ, մյուս 2-ը տեղափոխվել են հիվանդասենյակ, պատրաստվում ենք մաշկային փոխպատվաստում կատարել»․ բժիշկը՝ հրդեհից տուժած զինծառայողների մասին


20:37 , 31 հունվար, 2023

168.am-ը գրում է.

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»

Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 2 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, երրորդ զինծառայողին պատրաստվում են դուրս գրել․

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներից մեկը 2 օր առաջ է տեղափոխվել հիվանդասենյակ, մյուսը՝ 1 օր առաջ։ Մյուս շաբաթ պատրաստվում ենք իրենց մաշկային փոխպատվաստում անել՝ պլաստիկ վիրահատություն՝ մարմնի մի հատվածից մյուս հատվածն ենք փոխպատվաստում»։

Ճշտող հարցին՝ իսկ երրորդ զինծառայողը, որի առողջական վիճակը համեմատաբար ավելի լավ էր, և գտնվում էր հիվանդասենյակում, արդյո՞ք դուրս է գրվել․

«Գարուշին պատրաստվում ենք ուղարկել հոսպիտալ։ Բուժումը համարյա ավարտված է, պարզապես կարգն այդպես է, որ պետք է այնտեղ անպայման զննում անցնի»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը հրդեհից անմիջապես հետո գնահատվում էր ծանր: