«Երկրապահը» գեղի կլուբի վերածել ջանացող Միքայելյան Սասունը «Եռաբլուրում» գոռգռացել է լրագրողների վրա


16:10 , 28 հունվար, 2023
Եռաբլուրում չկարողանալով պատշաճորեն պատասխանել լրագրողների սուր ու կոնկրետ ձևակերպված հարցերին՝ «Երկրապահը» գեղի կլուբի վերածել ջանացող Միքայելյան Սասունը «Եռաբլուրում» գոռգռացել է լրագրողների վրա՝ որպես իր հայրենասեր լինելու ապացույց հայտարարելով, թե լրագրողի քաշի չափ երկաթ կա իր մարմնում: Միևնույն ժամանակ տիպիկ նիկոլական ոճով 44-օրյա պատերազմի ողջ մեղքն ու պատասխանատվությունը «երկրապահ» Սասունը բարդել է նախկին իշխանությունների վրա՝ հայտարարելով, որ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել, իսկ մի քանի տարում անհնար էր բանակ կառուցել: «Դուք չիմացա՞ք՝ ինչ էղավ, նախորդ իշխանություններն ինչ արին…»,-զայրացել է Սասունը՝ պարտության համար միաժամանակ մեղադրելով ռուսներին:

Սասունի սկանդալային պահվածքն ու երկրապահին ոչ վայել վարքը մատնում է նրա անկարողությունն ու բարոյալքված հոգեվիճակը: Հասկանալի է, չէ՞, որ եթե ունենար օրախնդիր հարցերի պատասխանները, լրագրողներին վրա չէր տա, իրեն կոռեկտ կդրսևորեր ու մի նորմալ, հոդաբաշխ բացատրություն կտար այն ամենին, ինչ այս տարիներին կատարվել ու կատարվում է Հայաստանի ու դրա զինված ուժերի հետ:

Մինևնույն ժամանակ հարց է առաջանում՝ եթե Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը բանակ չի ունեցել, ապա ինչո՞ւ են Ալիևները հենց Նիկոլի գահակալմանը սպասել մի ամբողջ 26 տարի, եթե Շուշին զավթելն իրենց ազգային երազանքն է եղել: Կամ եթե այդքան անմխիթար էր բանակի վիճակը, մինչո՞ւ էր Նիկոլը տավուշյան հայտնի մարտերից հետո «հերոսակոխ» անում հայոց բանակն ու հայտարարում, որ այն տարածաշրջանում ամենամարտունակն ու պանծալին է: Կամ եթե այդքան անմխիթար էր բանակի վիճակը, ինչո՞ւ Նիկոլը չգնաց փոխզիջումային լուծման՝ խուսափելու ավելորդ արնահեղությունից, թե՞ որպես դավաճան որակվելու հեռանկարը նրան սարսափեցրեց, իսկ ավելի ճիշտ՝ դրա պատճառով իշխանության կորստի մասին միտքը…

Ինչպես հասկանալի է, նմանօրինակ հարցերի շարքը կարելի է չափազանց երկար շարունակել, բայց ցավալին այն է, որ ո՛չ Սասունը, ո՛չ էլ նրա թիմակիցները չեն կարողանալու դրանց պատասխանել: Ախր ո՞նց պատասխանեն, եթե պարտության հեղինակները հենց իրենք են: