Փարիզը կօգնի Ուկրաինային ոչ միայն պաշտպանվել, այլ նաև վերականգնել իր ինքնիշխանությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար


23:57 , 27 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հայտարարել է, որ Փարիզը պետք է օգնի Ուկրաինային ոչ միայն պաշտպանել իրեն, այլև վերականգնել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Ռումինիայի Չինչու ռազմաբազա կատարած այցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ցավոք սրտի, այսօր պայքարելու ժամանակն է, և մենք պետք է օգնենք Ուկրաինային ոչ միայն պաշտպանել իրեն, այլև վերականգնել իր անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է նախարարը Նիդեռլանդների և Ռումինիայի արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով, բանակցությունների ժամանակը կգա, երբ Կիևին հաջողվի փոխել ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ իրեն։

«Խաղաղությունը կգա, երբ իրավիճակը բարելավվի, երբ Ուկրաինան կարողանա հավասարակշռել ուժերի հարաբերակցությունը։ Այդ ժամանակ կգա երկխոսությունը վերսկսելու պահը»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «երբեք պատերազմ չի փնտրել»։ Ըստ Կոլոնայի՝ Ուկրաինայի առաջնորդը «միշտ ցանկացել է երկխոսություն և շարունակում է դա անել»: