Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է


17:12 , 27 հունվար, 2023

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում է:

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց երեք սեթերում` 7:6, 6:1, 6:2 հաշվով: Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կմրցի հույն Ստեֆան Ցիցիպասի հետ:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: