Ութ առաջնախաղ, միջազգային փառատոններին մասնակցություն. Կոմեդիայի թատրոնը ներկայացրեց 2023-ի ծրագրերը


16:26 , 27 հունվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար 2022 թվականը հաջողված տարի է եղել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ նախորդ տարի ունեցել են 9 առաջնախաղ: Սա այն արդյունքն է, որը երկար ժամանակ չեն ունեցել: Ի սկզբանե նախատեսված է եղել ունենալ 4 առաջնախաղ, սակայն բազմակողմանի աշխատանքի արդյունքում կարողացել են հանդիսատեսի դատին հանձնել հարուստ խաղացանկ:

«Տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 196 ներկայացում, ավելի քան 160 հազար հանդիսատես: Այս ակտիվությունը գրանցվել է այն դեպքում, երբ նախորդ տարի երկրի սահմաններին տիրող իրավիճակով պայմանավորված մտածում էինք չխաղալու մասին՝ կապված ներկայացումների ժանրային առանձնահատկությունների հետ»,-ասաց Կարո Շահբազյանը:

2022 թվականը թատրոնի համար կարևոր տարի էր նաև տեխնիկական հագեցվածության առումով: Մասնավորապես, կառավարությունը հատկացրել էր ավելի քան 350 մլն դրամ տեխնիկական վերազինման համար: Մոտ 70 մլն դրամի ձեռքբերումներ արդեն կան: Այժմ թատրոնն ունի գովազդային համապատասխան էկրաններ, ժամանակակից սարքավորումներ: Ձայնային և լուսային սարքավորումների մասով անցկացվել է մրցույթ, արդեն կա հաղթող և մինչև տարեվերջ գնումները ավարտված կլինեն:

Ինչ վերաբերում է 2023 թվականի աշխատանքներին, ապա Կարո Շահբազյանը նշեց, որ նախորդ տարվա նշաձողը պահպանելու են: Արդեն նախատեսել են 8 նոր ներկայացնում, որոնց մի մասի հետ կապված փորձերն սկսվել են: Թատրոնի տնօրենը վստահ է, որ առաջնախաղերն ավելին են լինելու, քան նախատեսված է:

«Փետրվարի 25-26-ին կլինի «Բանալի երկուսի համար» ներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Անուշ Սարգսյանն է: Երկու օր հետո հանդիսատեսի դատին կհանձնվի «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը, բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է: Զուգահեռ հիմա փորձեր են ընթանում և մարտին Սամսոն Ստեփանյանը կհանձնի Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսի հիման վրա բեմադրվող ներկայացումը»,-ասաց Կարո Շահբազյանը:

Սեպտեմբերին էլ բեմ կբարձրանա «Վեսթսայդյան պատմություններ» ներկայացումը:

Նոր ներկայացումներից բացի նաև հագեցած գրաֆիկ է սպասում միջազգային փառատոններին մասնակցելու առնչությամբ: Մասնավորապես, «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացմամբ կմասնակցեն Հունգարիայում մայիսին կայանալիք թատերական միջազգային փառատոնին: Հրավերներ կան նաև ԱՄՆ-ից: Փետրվարի 12-18-ը Միլանի թատերական միջազգային փառատոնին կմասնակցեն «Արքան հրապարակում» ներկայացմամբ: Արդեն հրավեր ունեն հունիսին Կիպրոսում կայանալիք թատերական միջազգային փառատոնին մասնակցելու համար: Ներկայացվելու է «Ներոն և Սենեկա» ներկայացումը:

Փետրվարի 20-25-ը ԱՄԷ-ում կայանալու է թատերական միջազգային կոնգրեսը, որտեղ ներկա են լինելու բազմաթիվ երկրների թատերական փառատոնների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը ևս մասնակցելու է՝ միջազգային կապերն ընդլայնելու նպատակով: