Զինդատախազը կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում


15:56 , 26 հունվար, 2023

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զինվորական դատախազը, մասնավորապես, կարգադրել է Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում իրականացնել հետևյալ աշխատանքները.

1.     տեղեկություն ստանալ կայազորների սպասարկման տարածքում գտնվող բոլոր այն զորամասերի և ստորաբաժանումների վերաբերյալ, որոնց անձնակազմը կամ դրա մի մասը տեղակայված են ոչ տիպային զորանոցներում.

2.    տեղերում իրականացնել նշված կացարանների ուսումնասիրություն, պարզել դրանց կառուցվածքը, օգտագործվող տաքացնող միջոցների և վառելանյութերի տեսակները, դրանց ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը.

3.    պարզել նշված կացարաններում և զորամասերում վառարանների տեղադրման և շահագործման համապատասխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրության պահանջներին, վառարանները վառելու համար համապատասխան միջոցների առկայությունը.

4.    իրականացնել հակահրդեհային միջոցների արտահերթ գույքագրում՝ ստուգել հակահրդեհային միջոցների ստացման, պահպանման և բաշխման գործընթացների օրինականությունը և հիմնավորվածությունը, դրանց փաստացի վիճակը, տեղադրման համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.

5.    հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ կազմել արձանագրություն՝ նշելով հայտնաբերված խախտումն ու նորմատիվ իրավական ակտի այն կետի պահանջը, որը խախտվել է:

  Զինվորական դատախազ Էլիզբարյանը կարգադրել է սեղմ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփել զեկուցագրում և հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն: