«Հրապարակ». Ինչո՞վ են ԵՄ դիտորդները տարբերվելու լրագրողներից` լրագրողներ էլ կարող են գալ, դիտարկել, զեկույցներ գրել


11:41 , 25 հունվար, 2023
Նախօրեին պաշտոնապես հաստատվեց, որ Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել` անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ առաքելության նպատակն է՝ աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը եւ ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: «ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին եւ աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը պարեկություն կիրականացնի եւ կզեկուցի իրավիճակի մասին։ Առաքելությունը նաեւ կնպաստի միջնորդական ջանքերին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում: Առաքելության ժամկետը նախնական երկու տարի է։ Նշվում է, որ օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Քաղաքացիական գործողության հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատոն, իսկ մոտ ապագայում կնշանակվի նաեւ առաքելության ղեկավար։ Խոսքը 100-200 դիտորդի մասին է։

Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը` 40 անձից կազմված, Հայաստան էր ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին եւ մնացել մինչեւ դեկտեմբերի 19-ը։ Ինչպե՞ս է ԵՄ նոր առաքելությունը զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան եւ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը։ Այս հարցերը մի քանի օր է՝ քննարկվում են քաղաքական եւ փորձագիտական շրջանակների կողմից։ Բանն այն է, որ չնայած նախորդ երկու ամիսների դիտորդությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին այդպես էլ խաղաղություն չհաստատվեց, եւ այդ ընթացքում էլ քանիցս խախտվել է հրադադարի ռեժիմը։ Շատերը համոզված են, որ ՀՀ իշխանություններն այսպիսով ընդամենը փոխում են արտաքին քաղաքական վեկտորը՝ փորձելով Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի անվտանգային միջավայրից, որից հետո տարածաշրջանում գերիշխողը կդառնա ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի։

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, այնուամենայնիվ, չի կարծում, թե նախորդ առաքելությունն անպտուղ է եղել։ «Մենք չունենք ո՛չ դրական, ո՛չ բացասական արդյունք: Սա այն դեպքն է, երբ գնահատման հարց է՝ հնարավորությունների բացակայությունը լա՞վ է, թե՞ վատ։ Այսինքն, մի կողմից՝ նոր հարձակում չի եղել, մյուս կողմից՝ վիճակը չի բարելավվել, այս դիրքերից է պետք նայել, եւ միանշանակ հնարավոր չէ ասել` լա՞վ է, թե՞ վատ, որ նոր խումբ է գալիս»,- ասում է նա՝ հստակեցնելով, որ խոսքը ոչ թե հրադադարի խախտման, այլ լայնամասշտաբ հարձակման բացակայության մասին է։ Քաղաքագետը կարծում է նաեւ, որ միատարր չեն Արեւմուտքի մաս կազմող պետությունների շահերն ու հետաքրքրությունները մեր տարածաշրջանում․ «Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են մինչեւ վերջ իրենց խաղը խաղալ եւ դա անելու են որոշ դեպքերում հավաքական Արեւմուտքի կամ ՆԱՏՕ-ի օժանդակությամբ, որոշ դեպքերում՝ ոչ․ հենց այստեղ եմ տեսնում հիմնական վտանգը։ Իհարկե, գլխավորը Հայաստանի անվտանգության ներքին ռեսուրսների ամրապնդումն է, շատ լավ է ունենալ միջազգային երաշխիքներ, բայց պետք է հասկանալ, որ այդ երաշխիքները հենց այնպես չեն տրվում, տվողը միշտ իր շահերն է հետապնդում եւ տալու դիմաց միշտ ինչ-որ բան պահանջելու է»։

Զոլյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ռիսկերը հաշվարկված չեն, բայց, մյուս կողմից, հնարավոր չէ պնդել, որ այս քայլից հետո հետեւանքները բացասական կլինեն․ «Եվրոպան մինչեւ վերջերս անտարբեր էր այս տարածաշրջանի հանդեպ, եւ հիմա ակնհայտ է, որ ամեն ինչ ուզում է անել, որ չեզոքացնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչպե՞ս կընթանան զարգացումները, հնարավոր կլինի՞ համադրել երկու կենտրոնների շահերը, դժվար է ասել։  Բնականաբար, տարբերություն կա Բրիտանիայի շահերի եւ Կենտրոնական Եվրոպայի շահերի միջեւ, Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից, նրանց համար կարեւոր է ՌԴ դերի նվազումը, բայց դժվար հետամուտ լինեն մինչեւ վերջ։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող մյուսների փոխարեն հասկանալ իրենց շահերը, այստեղ ՌԴ-ն էլ, անշուշտ, պետք է իր դիրքերն ամրապնդի, մի խոսքով՝ այս առաքելությունն ունի թե՛ էական կողմեր, թե՛ ռիսկեր: ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում կանհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին»։

Այս համատեքստում Զոլյանը հարկ համարեց հիշել 90-ականները, թե ինչպես ռուսական 102-րդ ռազմաբազան հայտնվեց Հայաստանում։ «Ես ժամանակակիցն եմ եղել այդ գործընթացների։ Դա այն ժամանակ էր, երբ ռուս սահմանապահները պատրաստվում էին դուրս գալ այստեղից՝ ելնելով իրենց երկրի ներքին խնդիրներից։ Այն ժամանակ թուրքական իշխանություններին մեղադրում էին, որ դուք եք բերել ռուս սահմանապահներին մեր սահման, Թուրքիան ուզում էր Նախիջեւանի գործոնն օգտագործել Հայաստանի դեմ, եւ բավականին լայնածավալ գործողություններ ծավալվեցին  Հայաստանի դեմ։ Միայն դրանից հետո Հայաստանում նորից հաստատվեց ռուսների ռազմական ներկայությունը»։ Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես իր շահերով, որպեսզի չդառնա «պրախադնոյ դվոռ», ու ամեն մեկը մտնի-դուրս գա իր շահերի ետեւից․ «Եվ հետո՝ պետք է իշխանությունը հստակ դնի հարցը՝ ինչի՞ համար է այս առաքելությունը։ Ենթադրենք, դիտորդները մի բան տեսան, հետո ի՞նչ է լինելու։ Լավ, ընդունենք զեկուցեցին, հետո՞․․․ ԵՄ-ն այստեղ գործելու որեւէ մանդատ չունի, հիմնական հարցը, որ պետք է դրվի՝ ինչո՞վ են այդ դիտորդները տարբերվելու լրագրողներից, կարող են լրագրողներ էլ գալ, դիտարկել ու զեկույցներ գրել, հետո՞։ Եկեք սպասենք բոլոր հարցերի պարզաբանումներին, որ հետո ավելի հստակ խոսենք»,- առաջարկեց Զոլյանը։