Իլհամի պատիվը շատ ավելի թանկ է Վիկտորինի համար, քան մարդասիրական արժեքներն ու այն դրոշակը, որի ներքո Արևմուտքը կլանում է աշխարհը


15:13 , 20 հունվար, 2023
Հայկական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում արձագանքելով հունվարի 17-ին երեխաների հետ Արցախի ճանապարհին տեղի ունեցած խայտառակ միջադեպին, երբ թուրքերը բացահայտորեն ահաբեկել էին արցախցի երեխաներին՝ նրանցից ազռնվազը մեկին հասցնելով ուշաթափության, ևս մեկ անգամ ի ցույց դնելով իրենց ցեղասպան, հակամարդկային էությունը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը կատարվածին խիստ մեղմ գնահատական է տվել՝ այն որակելով՝ շատ անհաջող միջադեպ: «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց և ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք և փորձում ենք լուծել խնդիրը»,-մասնավորապես՝ հայտարարել է դիվանագետը:

Վիկտորինը ներկայացուցիչն է մի աշխարհաքաղաքական բևեռի, մի աշխարհամասի ու մի քաղաքակրթության, որի համար երեխաների իրավունքները սրբության պես մի բան են: Համենայն դեպս՝ Արևմուտքը հենց մարդու իրավունքների անխոնջ պաշտպանի կերպարով է փորձում իր ազդեցությունը տարածել ողջ աշխարհում՝ ջանալով հանդես գալ մարդկության խղճի դերում: Հիմա հարց է առաջանում՝ եթե հայ երեխաների փոխարեն ադրբեջանական ահաբեկչության զոհ դառնային ասենք անգլիացի կամ շվեդ երեխաները կամ թեկուզ ուկրաինացները, արդյոք Վիկտորինի արձագանքը այսքան լղոզվա՞ծ կստացվեր, թե՞ աշխարհով մեկ տագնապի ազդանշան կհնչեցնեին ու ահաբեկչության հեղինակ երկրի կամ այդ երկրի ղեկավարի հերը կանիծեին: Կարծում ենք՝ հարցի պատասխանն ակնհայտ է:

Բայց ինչպես երևում է, Իլհամի պատիվը շատ ավելի թանկ է Վիկտորինի համար, քան մարդասիրական արժեքներն ու այն դրոշակը, որի ներքո Արևմուտքը կլանում է աշխարհը. նման վարքը արժեզրկում է արևմտյան պրոպագանդիստական թեզերը: Երևի վախեցել է, որ կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու դեպքում Իլհամը կարող է նեղանալ, ու հրաժարվել Եվրոպային ռուսական գազի մատակարարումից՝ այն Ռուսաստանի, որի դեմ պայքարում Եվրոպան իբր Ուկրաինային է պաշտպանում՝ Մոսկվայի դեմ պարբերաբար սահմանելով նորանոր պատժամիջոցներ:

Ցինիզմն էլ պետք է սահմաններ ունենա, համաձայ չե՞ք…