«Չէի պատկերացնում, որ հենց ես կարող եմ հաղթել, քանի որ առաջնահերթություններն այլն էին». Սաթենիկ Սահակյանը՝ Արմենիա TV-ի «Հայ երգիչ» նախագծում հաղթանակի մասին


17:47 , 18 հունվար, 2023

Tert.am Life-ը գրում է․

Օրեր առաջ  «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կայացավ նոր՝ «Հայ երգիչ» երաժշտական նախագիծի եզրափակիչը, որը հնարավորություն է տվել մի շարք երիտասարդ երգիչներին ցույց տալ իրենց տաղանդը և աշխատել ոլորտի առաջատար դեմքերի հետ: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում «Հայ երգիչ» նախագծի հաղթող դարձավ 20-ամյա Սաթենիկ Սահակյանը, Նաիրա Գյուրջինյանի թիմից: Tert.am Life-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհին պատմեց իր հաղթանակի, դժվարությունների, արձագանքի և հետագա անելիքների մասին: 

«Հայտադիմումն անգամ ես չեմ լրացրել: Հիշում եմ՝ զանգեց մայրս և ասաց, որ նման ծրագիր կա և կարելի է մասնակցել, բայց ես ցանկություն չունեի, քանի որ ձայնալալերիս հետ կապված որոշակի խնդիրներ կային և առհասարակ մրցույթների մասնակցելու ցանկություն չկար: Ժամեր անց ինձ զանգահարեցին «Արմենիա» հեռուստաընկերությունից՝ հրավիրելով առաջին փուլին»,- ասաց երգչուհին:

Խոսելով Նաիրա Գյուրջինյանի հետ աշխատանքի մասին երգչուհին նշեց՝ Նաիրա Գյուրջինյանի հետ աշխատանքը եղել է ճակատագրական, իսկ փորձն անգնահատելի է, բայց եղել են նաև մի շարք դժվարություններ: 

«Առաջին փուլում, երբ մենթորներն ընտրում էին մասնակիցներին ինձ միայն ընտրել էր Նաիրա Գյուրջինյանն ինչի համար ես անասելի երջանիկ եմ և շնորհակալ: Մենք մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել, օրեր շարունակ փորձեր, ձայնավարժություններ, երգերի ընտրություններ և այլն: Ես ունեցել եմ անասելի փորձ ու շնորհակալ եմ ինձ հետ աշխատելու համար: Բարդ էր, երբ պետք է եզրափակչում ելույթ ունենայինք ուղիղ եթերում, անսովոր էր այդ փորձը, նաև բարդություններ էր առաջացրել, երբ երգի փոփոխություններ էինք իրականացրել, բայց անգամ այդ դժվարությունները  սիրով եմ հիշում»,- նշեց Սաթենիկ Սահակյանը: 

Երգչուհին հավելեց, որ մրցույթին գնալով՝ հաղթանակը չի եղել առաջնահերթություն:

«Ես բնավ ցանկություն չունեի հայտնի դառնալ, հաղթել այս մրցույթում և նշեմ՝ ամեն ելույթից առաջ ես պատրաստում էի շնորհակալական խոսքեր՝ մտածելով, որ հենց այս փուլում դուրս կգամ մրցույթից և պետք է պատրաստ լինեմ: Նախագծին մասնակցելով՝ կարևորությունն ու առաջնահերթությունը եղել է նմանօրինակ մասնագետների հետ աշխատանքը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: