Չավուշօղլուն Ռուսաստանին և ԱՄՆ-ին մեղադրել է իրենց ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ


22:33 , 13 հունվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին Սիրիայի մի շարք շրջաններից քրդական ուժերը դուրս բերելու իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Հռոմում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ իմ այցի ժամանակ կխոսենք Սիրիայի մասին։ Որովհետև նրանք [ամերիկյան կողմը] շարունակում են աջակցել PKK-ին և YPG-ին։ Մեզ համար դա սպառնալիք է։ Մեզ տրված խոսքը չիրականացվեց և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից»,- ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Անկարան այդ մասին «անընդհատ ասում է» Վաշինգտոնին և Մոսկվային, որ «2019 թվականի համաձայնագրերի պայմանները չեն կատարվել»։

Հունվարի սկզբին Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը  հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կկատարեն Սիրիայի հետ սահմանին անվտանգության ապահովման իրենց պարտավորությունները։

Նրա խոսքով՝ Թուրքիայի պայքարը «ահաբեկչական տարրերի» դեմ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը եւ սահմանամերձ շրջանը լիովին անվտանգ չեն դարձել։