Բրիտանացի պատգամավորը երկրի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար


11:56 , 23 դեկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Դաութին Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պատգամավորի թվիթերյան գրառումը:

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը պետք է դադարեցվի հումանիտար աղետը կանխելու համար: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ անհապաղ ճնշում գործադրել արգելափակմանը վերջ դնելու համար», - գրել է նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ: