Իրանն իր խոսքի տերն է մնում


19:52 , 8 դեկտեմբեր, 2022

Իրանն իր խոսքի տերն է մնում

Մինչ Ալիևն ու Էրդողանը Իրանի սահմանների մոտ իրենց զորավարժություններով փորձում են Արաքսը կտրել-անցնելու սցենարով պատերազմ բեմադրել՝ թիրախավորելով առավելապես Իրանին, քան նույնիսկ Հայաստանին, որը Նիկոլի տխմար քաղաքականության պատճառով այլևս իրենից բան էլ չի ներկայացնում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին կարևոր հայտարարություն է արել՝ վերահսաստատելով Իրանի հայտնի դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: «Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության: Սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք»,-մասնավորապես՝ ասել է իրանցի բարձրաստիճան զինվորականը:

Իրանցի գեներալի կարևոր հայտարարությունը էական է դիտարկվում ինչպես ցանկացած գնով «Զանգեզուրի միջանցք» բացելու թուրք-ադրբեջանական ծրագրերի, այնպես էլ Ադրբեջանում ահագնացած հակաիրանական տրամադրություների ֆոնին, երբ բանը հասնում է արդեն նրան, որ այդ երկրի պատգամավորներն են իրենց անվայելուչ արտահայտություններ թույլ տալիս հարևան Իրանի հասցեին: Ընդ որում՝ հակաիրանական տրամադրություների գեներացումը տեղի է ունենում բոլոր մակարդակներում, ինչպես նաև Ադրբեջանի ներսում իշխանությունների ցուցումով ճնշվում են այն խմբավորումներն ու կրոնական կառույցները, որոնք Ալիևի բռնատիրական ռեժիմի կողմից դիտարկվում են որպես Իրանի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության մեծացման լծակներ. Ալիևն աննախադեպ հակաիրանական արշավ է սկսել Ադրբեջանում ակնհայտորեն արևմտաիսրայելական ցուցումով, ինչը, բնականաբար, չի կարող աննկատ մնալ Թեհրանում:

Մյուս կողմից՝ իրանցի գեներալի խոսքերն էական են հատկապես բուն Իրանի ներսում ընթացող հասարակական պրոցեսների ֆոնին, երբ այդ երկրի ոչ բարեկամ պետությունների հատուկ ծառայությունների հրահրմամբ, փաստորեն, փորձ է արվում «ճոճել» Իրանը՝ ակնհայտորեն ստիպելու շեղել ուշադրությունն արտաքին պրոցեսներից՝ ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ներքին գործընթացների կառավարելիության աստիճանի բարձրացման ու նետված մարտահրավերի չեզոքացման հարցի վրա: Սրանով, ըստ երևույթին, նույն թուրք-ադրբեջանական տանդեմն ու դրա տերերը հույս ունեն չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խոչընդոտող Թեհրանի հակազդեցությունը՝ ապակայունացնելով ներքին իրավիճակը:

Ֆադավիի վերոհիշյալ հայտարարւոթյունը հուշում է, որ նախ՝ Իրանը, ըստ էութան, կարողացել է հաղաթահարել արհեստականորեն գեներացված ներքին ճգնաժամը, ապա՝ նույնիսկ եթե դեռևս չի կարողացել ամբողջովին լուծել այդ խնդիը, ապա դա խոշոր հաշվով չի նշանակում ոչինչ. Կովկասը շարունակում է մնալ Թեհրանի արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկը, իսկ մտայնությունը՝ ցանկացած գնով կանխելու Սյունիքի անեքսիան, է՛լ ավելի հաստատակամ է դառնում, քանի որ Իրանում ել շատ լավ հասկանում են, որ եթե չկանխվի Հայաստանի ոչնչացման թուրք-ազերիական պլանը, ապա վաղը բանը հասնելու է Թավրիզին, ինչի մասին, ի դեպ բացահայտորեն արդեն խոսում է Նիկոլի ընկեր Իլհամը: