Ըստ Էրդողանի խոսնակի «տեսության»՝ Հայաստանն ավելի շատ Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ունի, քան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի


16:12 , 8 դեկտեմբեր, 2022

168.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քալընը համոզմունք է հայտնել, որ «Առաջիկա 10 տարվա ընթացքում շատ լավ քայլեր են արվելու ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի հետ:

«Հայաստանի հետ էլ մեր հարաբերությունները արագորեն կկարգավորվեն: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով ամբողջ Կովկասում հանգստության ու բարեկեցության ժամանակաշրջան կգա: Սրանից բոլորս կշահենք։ Նույնիսկ ամենաշատը Հայաստանը կշահի։ Որովհետև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է՝ 3 միլիոն բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ամենաշատը կնպասի Հայաստանի զարգացմանը»,-ասել է նա:

Քալընը նորից առաջ է քաշել թուրքական այն պնդումները, թե հայկական սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

«Կարող եմ ասել՝ հակառակ հայկական սփյուռքի կարծիքին՝ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի Ֆրանսիայի ու այլ երկրների: Գիտեք՝ հայկական սփյուռքն ամենաշատը կենտրոնացած է աշխարհի 2 երկրում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, որտեղ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են՝ քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու այլ ոլորտներում»,-ասել է Քալընը:

Վերջինս նաև պնդել է, որ «Հայաստանը փաստացի Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ գտնվող և Արևմտյան դաշինքի մի մասը դիտարկող ու դիրքավորել ցանկացող երկիր է: Այստեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու: Այդ պատճառով նրանց համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,-ասել է Քալընը: