Վրացը որոշել է Նիկոլից ավելի Փաշինյան խաղալ


13:04 , 8 դեկտեմբեր, 2022
Հայաստանյան քաղաքական երկնակամարի երրորդ շարասյունների մեջտեղների մի զավեշտալի կերպար գոյություն ունի՝ Վարդանյան Արմանը, ածականն էլ Վրաց։ Էս մեր Վրացը սիրում է որոշակի պարբերականությամբ երրորդ շարասյան մեջտեղներում գտնվող իր տեղը բարելավելուն միտված ջղաձգումներ անել, որոնց բոլորին միավորում է երկու ընդհանրություն՝ ավանտյուրիզմն ու իրա գլխից մեծ բողկեր ուտելը։

Այսպես՝ Սերժ Սարգսյանի իշախնության տարիներին որտեղ նստում-հելնում էր, Սարգսյանի շրջապատի մարդկանց անուններ էր տալիս, թե բա իմ ընկերներն են։ Հետո գնաց Ծառուկյանի դուքյան, հետը իբր դաշինք կազմեց, սկսեց ընդդիմություն խաղալ, հետո Ծառուկյանից բաժանվեց, հետո հեղափոխություն էր ողջունում, հետո ոնց-որ չէր ողջունում ու այսպես շարունակ։

Հիմա, կարծես թե, Վրացը որոշել է դիրքերը բարելավելու 56-րդ փորձն անել, բայց քանի որ Վրացն է, ավելի լավ բան չի մտածել, քան «Նախկինները» ազգային-ազտագրական սերիալի «Սաշիկի ծիծիլյոնները» չարչրկված սերիայի սյուժեն հերթական անգամ շահագործել։ Տեսեք-տեսեք, ընդդիմության վակուումի շրջանակներում ազգս փրկող ու թալանը վերադարձնող նոր փրկիչ է ուզում երթիկից մտնել ասպարեզ։

Ի սկզբանե հաջող մտահաղացում չէ ու խնդիրն այն չէ, որ վրացի երկրաչափական պարամետրերը երթիկում տեղ չեն անի։ Խնդիրն այն է, որ այդ սյուժեն հենց Նիկոլը մաքսիմալ քամել ու շահագործել է։ 2022 թվին Սաշիկի միֆը անգամ ամենամոլի նիկոլական տաքսիստի մոտ գրգիռ ու սրտի թրթիռ չի առաջացնում, որ Վրացն էլ կպնի էդ թեմային ու քաղաքական դիվիդենտներ շահի։

Առհասարակ, Վրացին կարելի է հորդորել, որ մի քիչ զգույշ լինի իր փսևդո-քաղաքական ջղաձգումների հարցում։ Նիկոլից ավելի Փաշինյան խաղալու փորձերը անիմաստ են, որովհետև դա ինքնին շատ բարդ է, անգամ Վրացից շատ ավելի տաղանդավոր ու խարիզմատիկ կերպարների համար, բայց կա նաև հարցի մյուս կողմը։ Դա կարող է դուր չգալ օրիգինալ Նիկոլին ու օրիգինալ Նիկոլը ասի՝ Վրա՞ց, էդ թալանի ու ապօրինի հարստացման թեմաներին որ կպնում ես, ինձ էլ տողատակով մեղադրում ես, որ լավ չեմ հետաքննում, կարո՞ղ ա մի հատ քեզ ուշադրություն դարձնենք, հլա պարզենք-տեսնենք քեզ որտեղի՞ց էդքան փող, համ քեզ լավ զգաս, համ էլ մուտիտ քցող լրատվամիջոց պահես։

Իրոք մտորելու տեղիք ունի մեր Վրացը, որովհետև տենց բան լինի, ռուսական հատուկ ծառայությունների իրա տանիքները դժվար կարողանան իրեն շատ օգտակար լինել, որովհետև ինչ-ինչ, իսկ սենց կիլկիներին կանսեռվա անելու հարցում Նիկոլը այլասերված հաճույք ստանալու նշաններ հաստատ ցույց է տալիս։