Մաթևոսյան Համբարձումի սուտ խոստումը՝ գյումրեցիներին


17:08 , 7 դեկտեմբեր, 2022

Մաթևոսյան Համբարձումի սուտ խոստումը՝ գյումրեցիներին

Արձանագրելով, որ անգամ աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժի մասին հիշեցնող վերքեր՝ Նիկոլի տեղակալ աշխատող Մաթևոսյան Համբարձումը վստահեցրել է՝ ևս 5 տարի, և Գյումրիի տնակների հարցը կփակվի:

Իրականում փոխվարչապետ աշխատող Համբարձումի կողմից նախանշված վերջնաժամկետն ահռելի ժամանակահատված է. ստացվում է՝ լավագույն դեպքում Հայաստանում աղետի հետևանքները լիովին վերացված կլինեն միայն 2027-28թթ.-ին այն էլ այն դեպքում, եթե Կառավարությունը հետևողականություն դրսևորի խնդիրների լուծման հարցում: Մի քիչ շատ չէ՞ մեկ ակնթարթում Հայաստանը դրախտի վերածելու մասին խոստումների միջոցով իշխանություն զավթած խունտայի համար՝ լուծելու արդեն համազգային խայտառակության վերածված խնդիրը, երբ, փաստորեն, մի քանի տասնամյակն էլ բավարար չեղավ՝ աղետի գոտու հարցը մեկընդմիշտ փակելու համար:

Իրականում, եթե վերջին տարիներին Նիկոլը ոչ թե «մուկ տշեր» կամ բացառապես զբազվեր Իլհամի օրակարգի սպասարկմամբ, այլ գործ աներ ու պարգևավճարներ բաժանելու փոխարեն այդ հսկայական միջոցներն ուղղեր ճիշտ ուղղությամբ, ասենք նույն տնակների խնդրի լուծման, Համբարձումին ևս 5 տարի պետք չէր գալու՝ պրոբլեմը լուծելու համար. այն արդեն լուծված կլիներ:

Բայց ակնհայտորեն միամիտ պետք է լինել՝ հավատալու, որ նույնիսկ 5 տարի հետո էլ խնդիրն ամբողջությամբ լուծված կարող է լինել. նախ՝ ոչ ոք չունի երաշխիք, որ 5 տարի հետո Հայաստան է լինելու, ապա՝ կապված երկրի ընդհանուր անվտանգային վիճակի ու վերահաս պատերազմի հետ՝ բացառված չէ, որ աղետի գոտի դառնա ամբողջ երկիրը՝ սկսած Երևանից: Այն ժամանակ հաստատ ոչ ոք է՛լ Գյումրին չի հիշելու, այլ գուցե շատերն անգամ երանի են տալու: