Հիմնանորոգվում է Լճաշենի միջնակարգ դպրոցի տանիքը


16:56 , 7 դեկտեմբեր, 2022

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցում 2022 թվականի նոյեմբերի 20-ից ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին սկսվել եւ ընթանում են հիմնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, տանիքի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում։ Տանիքի հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 23 միլիոն 800 հազար դրամ, պայմանագրային արժեքը՝ 14 միլիոն 450 հազար դրամ։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։ Հիմնանորոգման արդյունքում ազբոհերձաքարե ծածկը փոխարինվում է ցինկապատ ձեւավոր թիթեղյա ծածկով։ Ամբողջությամբ նորով են փոխարինվում նաեւ հին փայտե կավարամածը եւ տախտակամածը։ Հիմնանորոգվող հատվածի մակերեսը կազմում է 840 քառակուսի մետր։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Հայր եւ որդի Մարտոյաններ» ՍՊԸ-ի շինարարները։ Աշխատանքներն ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։

«Դպրոցի շենքի տանիքը հիմնանորոգման չի ենթարկվել իր շահագործման պահից՝ 1972 թվականից ի վեր։ Ազբոհերձաքարի ծածկը քայքայվել էր, տեղումների ժամանակ կաթոցները դարձել էին սովորական՝ քայքայման վտանգ ստեղծելով նաեւ առաստաղի ու պատերի համար։ Խնդրանքով դիմեցինք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, եւ արձագանքը չուշացավ, որի արդյունքն էլ սկսված ու ընթացող շինարարությունն է։ Հիմնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգումից հետո հարկ կլինի մտածել նաեւ տարրական դասարանների մասնաշենքի եւ միացնող հատվածի տանիքների հիմնանորոգման մասին, քանի որ դրանցում եւս ազբոհերձաքարե ծածկերը գտնվում են քայքայված ու անմխիթար վիճակում»,-ներկայացրեց Աիդա Մուրադյանը։

Խոսրով Խլղաթյան