Սոցիալական հավասարության մասին խոսք լինել չի կարող. չեն կարա բոլորը հավասարպես ապրեն, բայց բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություն՝ լավ ապրելու


17:19 , 6 դեկտեմբեր, 2022

Գրպանահատ Վիգենը

Խաչատրյան Վիգենը, ներկայանալով՝ համոզված լիբերալ, հայտարարել է, թե եկամուտների համընդհանուր հայտարարագման հիմնական նպատակն է լինելու պետության կողմից խոցելի խավերին ցուցաբերվող օգնության հասցեականության խնդրի լուծումը. պետությունը պետք է իմանա՝ ով է իրական կարիքավորը, ով՝ միլիոնատերը: «Սոցիալական հավասարության մասին խոսք լինել չի կարող. չեն կարա բոլորը հավասարպես ապրեն, բայց բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություն՝ լավ ապրելու…»,-մասնավորապես՝ հայտարարել է սեփական լպրծունության շնորհիվ վատ չապրող Խաչատրյան Վիգենը ԱԺ ամբիոնից:

Փաստորեն՝ ըստ Վիգենի՝ Հայաստանի բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բանաձևը միլիոնավոր մարդկանց անձնական կյանք ներխուժումն է. հենց սկսեցին հայտարարգրել իրենց եկամուտները, Հայաստանը դառնալու է սոցիալական դրախտ:

Հարց՝ եթե այս ինստիտուտի ներդումն է Հայաստանի սոցիալական խնդիրների լուծման բանալին, ապա ինչո՞ւ Նիկոլն այդ «հրաշք» գործիքակազմը հենց ամենասկզբից չէր ներդնում, սպասում էր, որ երկրի վիճակը հասնի ծայրահեղ կետի ու նո՞ր միայն սա մոգոնի: Պարզ է, չէ՞, ինչ խնդիր է իրականում լուծվելու սրանով, պարզ է, չէ՞, որ հիմնական նպատակը մարդկանց գրպանները մտնելն ու բոլորին անխտիր հարկելն է լինելու՝ լրացնելու բյուջետային դեֆիցիտն ու ասենք սպասարկելու 10 մլրդ դոլարը գերազանցող ՀՀ պետական պարտքը: Շատ լավ հասկանալով, որ ռուսները Հայաստանից մի օր գնալու են՝ իրենց հետ տանելով նաև տնտեսական աճը, որը փնովվում է անգամ Գռզոյի կողմից՝ իշխանությունները հավելյալ հարկային բեռ են ավելացնելու ազգաբնակչության ուսերին՝ շարունակելու լիովին բավարարել իրենց, իրենց մերձավոր շրջապատի ու կոնկրետ Նիկոլի աթոռը պահողների սոցիալական կարիքները, երաշխավորել նրանց փափուկ կյանքը:

Ինչ վերաբերում է գռզոների կամ գուգոների եկամուտների հայտարարագրմանը, ապա, բնականբար, տվյալ պարագայում ավելորդ հույսեր պետք չէ ունենալ. սրանք ինչպես թաքցրել, այնպես էլ շարունակելու են թաքուն պահել իրենց միլիարդներն ու դրանց աղբյուրները՝ ասենք Աննայի հիմնադրամին ժամանակ առ ժամանակ կլորիկ գումարների անանուն փոխանցման դիմաց:

Հիմնական թիրախում հայտնվելու են սովորական մարդիկ՝ չնայած լավ կյանքով ապրելու հնարավորություն ձեռք գցած վիգենների այն պնդմանը, թե հենց նրանց բարեկեցության երաշխավորման համար է ներդրվում այս ինտիտուտը: