ՌԴ արտգործնախարար Լավրովը հանդես է եկել բավական կարևոր բացահայտումներով


16:53 , 1 դեկտեմբեր, 2022

Լավրովը բացահայտեց Նիկոլի դավաճանությունը

Առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը հանդես է եկել բավական կարևոր բացահայտումներով, որոնք լույս են սփռում վերջին շրջանում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության ու հակամարտության կարգավորման հնարավոր սցենարներին առնչվող հարցի վրա: Նասնավորապես՝ արձանագրելով, որ Մոսվան ի սկզբանե հանդես էր գալիս Արցախի կարգավիճակի վերավերյալ հարցի հետաձգման օգտին՝ Լավրովը փաստացի հայտարարել է, որ Նիկոլն իրենց կանգնեցրել է փաստի առաջ. Պրահայում անցկացված բանակցությունները փչացրել են ամեն ինչ: «ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ»,-մասնավորապես՝ ասել է Լավրովը՝ նկատելով, որ հայերը վերջերս խոսում են ոչ թե ԼՂ կարգավիճակի, այլ իրավունքների մասին՝հղում կատարելով Ալմա-Աթային, ուստի, եթե դա է խնդիրը, ապա Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները:

«Թարգմնանաբար» Լավրովն ասում է հետևյալը՝ ես՝ ձեզ համար, դուք՝ ո՞ւմ համար: Եվ իսկապես շատ խելք պետք չէ ունենալ՝ արձանագրելու, որ նույնիսկ այս վիճակում ԼՂ խնդրի կարգավորման ռուսական տարբերակը շատ ավելի հայանպաստ կլիներ, քան այն, ինչ բանակցվել ու հաստատվել է Պրահայում, երբ փաստացի կյանքի են կոչվել Իլհամի բոլոր երազանքները՝ փակելով ԼՂ կարգավիճակի հարցը:

Թե ինչու է Նիկոլը պարում Արևմուտքի դուդուկի տակ, իհարկե, Մոսկվայում շատ լավ հասկանում են. Հայաստանն ինքնասպանության տանելով՝ Նիկոլը լուծում է Կովկասը Թուրքերին հանձնելու հարցը՝ ծրագիր, որ գծագրվել է Արևմուտքում, և որի թիրախը հենց Ռուսաստանն է: Հարց է առաջանում՝ գոնե առերևութաբար չընդդիմանալով արցախահայությանը թալիշների կարգավիճակին իջեցնելու արևմտյան պլաններին՝ Մոսկվան հաշվարկե՞լ է դրանից բխող հետևանքները, թե՞ հիմա Մոսկվայի խնդիրները շատ ավելի գլոբալ են ու թույլ չեն տալիս՝շատ խորանալու ստեղծված իրավիճակի նյուանսներում: Իսկ միգուցե Մոսկվան կո՞ղմ է Արցախի խնդիրը դիտարկել մերձդնեստրյան բանաձևով՝ բնավ դեմ չլինելով հարցի լուծման նման սցենարին:

Մոսկվայի խնդին այն է,որ Կովկասի խաղն իրականում շատ ավելի գլոբալ է, իսկ Արևմուտքի ջանքերը՝զրոյացնելու Արցախի սուբյեկտայնությունը, նպատակ ունեն՝ ոչ թե Արցախից Մերձ Դնեստր սարքելու, որտեղ, ինչպես հայտնի է, տեղակայված են ռուսական զորքերը, այլ ռուս խաղաղապահների ոտքերի տակից հողը տանելու, իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ Մոսկվան կարողանա սեպարատ պայմանավորվածության հասնել Ալիևի հետ այդ հարցում, ապա անմիջապես մեջտեղ կհանեն Արցախի անկախության ճանաչման կամ ասենք Ալիևի պատերազմական հանցագործություններին առնչվող հարցերը՝ անմիջապես հայասիրության դիմակը քաշելով երեսներին:

Արցախի կամ Հայաստանի հարցը հակամարտող աշխարհում այլևս գլոբալ աշխարհաքաղաքական խաղի մի մասն է դարձել, ինչն է՛լ ավելի մշուշոտ է դարձնում դրա վերջնական լուծման հեռանկարները՝ հատկապես նկատի ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի բացված ախորժակն ու Իրանի շուրջ խմորվող վտանգավոր պրոցեսները: