Ալիևն ակնհայտորեն մնացել է 44-օրյա պատերազմի կեղծ հաղթանակի տակ՝ իրենից մի նոր Ալեքսանդր Մակեդոնացի երևակայելով


13:25 , 30 նոյեմբեր, 2022
Իլհամի՝ Իրանի Հյուսիսային Ատրպատականի բնակչությանը տիրություն անելու վերաբերյալ Թեհրանին ուղղված սադրիչ մեսիջներից հետո գործի է լծվել Իլհամի կցորդ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ու սկսել է դիտարկել այդ երկրի անվանափոխության հարցը. մասնավորապես՝ ազերի պատգամավորներից մեկն է հանդես եկել նման կոչով: «…Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների համար»,-հոխորտացել է Ադրբետջանում նոր Սահմանադրության ընդունման կարևորությունն ընդգծած Գուդրաթ Հասանգուլիևը:

Մյուս կողմից՝ ադրբեջանցիները հաթաթա են տվել նաև Մոսկվային՝ թիրախավորելով ռուս խաղաղապահներին: Տարածաշրջանային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը, մասնավորապես, խաղաղապահների կողմից հայկական տեղանունների գործածության պատրվակով Մոսկվային մեղադրել է անջատողականության սերմանման համար: «Արևմտյան Ադրբեջանում մեր հազարավոր տեղանուններն արդեն փոխվել են հայերի կողմից։ Այս դեպքում անօրինական է, որ ռուս խաղաղապահները սեպտեմբերից սատարում են անջատողականությանը՝ խեղաթյուրելով ադրբեջանական տեղանունների անվանումները։ Եթե խաղաղապահները չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, թող դադարեցնեն իրենց գործունեությունը։ Մեզ խաղաղապահներ են պետք, ոչ թե անջատողականներ»,-ասել է Նովրուզովը:

Ալիևն ակնհայտորեն մնացել է 44-օրյա պատերազմի կեղծ հաղթանակի (դրա համար նա բացառապես պարտական է Նիկոլին) տակ՝ իրենից մի նոր Ալեքսանդր Մակեդոնացի երևակայելով ու դառնալով օտար երկրների ձեռքին գործիք՝ Մոսկվայի ու Թեհրանի դեմ պայքարում:

Վայելելով Իսրայելի, Թուքիայի ու նրանց հետևում կանգնած Արևուտքի բացահայտ աջակցությունը՝ Իլհամը փորձում է խաղալ հակասությունների վրա, ու չնայած մինչ այս պահը նրա մոտ դա այնքան էլ վատ չի ստացվել, բայց այժմ, երբ, ըստ էության, հատվում են Մոսկվայի ու Թեհանի կարմիր գծերը, այդ խաղը կարող է Իլհամի վերջի սկիզբը լինել. Մոսկվան ու Թեհրանը, որ այժմ դարձել են միմյանց համար կարևոր դաշնակիցներ՝ունենալով ընդհանուր շահեր ու նպատակներ, կարող են ուղղակի պայմանավորվել ու այնպես տրորել Իլհամի մեծ քիթը, որ ադրբեջանցիների սերունդներն անեծքով հիշեն այն օրը, երբ Իլհամը հայերի դեմ պատերազմում հաղթանակ տոնեց:

Հայաստանի շահերից է բխում Ադրբեջանում իրականության զգացումի կորուստը, քանզի հենց դա է, որ երաշխավորելու է Բաքվի վերջը՝ այն Ուկրաինայի ճակատագրին արժանացնելով: