«Շենգավիթ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել ծննդկանի մահվան վերաբերյալ


18:23 , 29 նոյեմբեր, 2022
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 
 
««Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը:
 
Ս․թ․21.11.2022 ծննդկան , 33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ:
 
Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով:
Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:
 
Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:
 
Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:
Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:
Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:
 
Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:
 
Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:
 
Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ:
Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:
 
Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:
 
Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:
Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:
Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»։
 
Նշենք, որ  Irakanum.am-ը Շենգավիթ ԲԿ-ում նորածինն ու 33-ամյա ծննդկանը մահացել են. հարազատները մեղադրում են բժշկին վերտառությամբ հոդված էր հրապարակել: