Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանը հորդորել է կողմերին կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համար


10:28 , 29 նոյեմբեր, 2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ռիքերը կրկնել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։ Դեսպանը հորդորել է երկու կողմերին պլանավորել ապագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմաններ ստեղծելու համար՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղ գործընթացին։