Բաքուն կեղծ մեղադրում է Հայաստանին Լաչինի միջանցքը զինամթերքի տեղափոխման համար օգտագործելու մեջ․ Էդմոն Մարուքյան


12:29 , 25 նոյեմբեր, 2022

Բաքուն կեղծ մեղադրում է Հայաստանին Լաչինի միջանցքը զինամթերքի տեղափոխման համար օգտագործելու մեջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սա սուտ է։ Ադրբեջանը ականներ է վերցրել օկուպացված հայկական տարածքներից, տեղափոխել է ԼՂ-ում իր վերահսկողության տակ գտնվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- գրել է Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ Ջերմուկ՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման ժամանակ Ադրբեջանը այնտեղի ականները տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի Սարիբաբա շրջան՝ հետագայում հայտարարելով այնտեղ դրանց հայտնաբերման մասին։

Մարուքյանը հիշեցնում է նաև՝ Սարիբաբան Բաքվի վերահսկողության տակ է գտնվում օգոստոսից, իսկ ականների մասին հայտարարվել է միայն նոյեմբերին։