Նիկոլը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից


16:22 , 24 նոյեմբեր, 2022
Նիկոլը չի ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին հռչակագիրը՝ հիմնավորելով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը կարող է նշանակել, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է իր դաշնակցային պարտավորություններից, և Բաքուն մեկնաբանում է որպես Երևանի դեմ ագրեսիայի «կանաչ լույս»:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը վստահություն է հայտնել, որ Հայաստանը, անշուշտ, կմնա ՀԱՊԿ-ում՝ հավելելով. «Հայաստանին և Ադրբեջանին պետք է օգնել համաձայնության գալ խաղաղության շուրջ, և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն դրա համար»։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանություններին, այնուամենայնիվ, չի հաջողվել կոտրել Լուկաշենկոյի կողն ու ստանալ գոնե ձևականորեն հայանպաստ ինչ-որ թուղթ, ինչը կարող է դառնալ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ սեփական անդամակցությունը սառեցնելու պատշաճ առիթ:

Տվյալ պարագայում, սակայն, բավական ուշագրավ է ստացվել Պեսկովի ինքնավստահ մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից: Պեսկովի ականջին Նիկո՞լն է շշնջացել այդ մասին, թե՞ Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե իրականում ինչն է Նիկոլին պահում ՀԱՊԿ-ում՝ չնայած նույն Նիկոլի կողմից հաճախ հնչեցվող սպառնալից քննադատություններին՝ ուղղված այդ ռազմաքաղաքական կազմակերպությանը:

Խնդիրն այն է, որ Նիկոլն էլ է շատ լավ հասկանում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու օպերացիան կարող է իր համար ճակատագրական լինել. նույն պահին, երբ Նիկոլը կդադարի ռուսական կողմի համար հանդուրժելի կերպար լինել, Կրեմլում առաջ կգա Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության հարցը, և այդ ժամանակ Նիկոլի վիճակն իսկապես աննախանձելի կարող է լինել նույնիսկ այն դեպքում, եթե վերջինիս սատար կանգնի ասնեք ողջ կոլեկտիվ Արևմուտքը: Նիկոլը երբեք դուրս չի գա ՀԱՊԿ-ից, քանի դեռ համոզված չէ, որ Ռուսաստանի թափը չի հերիքի՝ իրեն գահընկեց անելու, բայց հենց որ զգաց՝ Ռուսաստանի «գնացքը գնացել է», մի րոպե անգամ աչքը չի թարթի՝ Հայաստանը թուրք-արևմտյան ծիր մտցնելու:

Այնպես որ՝ թե նույնիսկ վաղը ՀԱՊԿ-ի աչքի առաջ Ալիևը Երևանն էլ իր վերահսկողության տակ առնի, դրանից ոչինչ չի փոխվելու, քանզի Նիկոլն առաջնորդվում է ոչ թե պետական շահերով, այլ բացառապես իրենն առաջ տանելով, իսկ իր համար դեռևս ռիսկային է կտրուկ շարժումներ անելը: