ՔՊ-ականների ներքին գզվրտոցները երկու համայնքում կոլապսի են հանգեցրել


20:18 , 17 նոյեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Երկու խոշոր համայնքներում՝ Վանաձորում և Սպիտակում, ՔՊ-ի կառավարման արդյունքում տոտալ քաոս է տիրում: Բանն այն է, որ այստեղ իշխող կուսակցությունը այնքան է ընկղմվել ներքին հարաբերությունների պարզաբանման գործընթացի մեջ, որ պարզապես մոռացել է, թե ինչի համար էին հավաքվել:

Դիցուք՝ Վանաձորում 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչև օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, ամեն բան անում է, որ այստեղ լիարժեք իշխանություն այդպես էլ չձևավորվի: Թեև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Ասլանյանն այս պահին կալանավորված է, (ինչն, ի դեպ, որպես քաղաքական հետապնդում է որակվում), Վանաձորն էլ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող ունի, ամեն դեպքում, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը հաստատված բյուջե չունի: Բացի այդ, ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի:

Ընտրություններից հետո ավագանու մի քանի (2-3) նիստ է ընդամենը հրավիրվել, բայց դրանք բոլորն էլ տեղի չեն ունեցել: Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությունն այստեղ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող է նշանակել նախկինում քրեական գործերով անցնող Արկադի Փելեշյանին: Անշուշտ, որքան էլ որ զավեշտալի չհնչի, սակայն այս իրավիճակում ակնհայտորեն փառավորվում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հոգին, քանի որ վերջինս էր հենց Վանաձորում ՔՊ քաղաքապետի թեկնածուն, սակայն ընտրություններում պարտվելուց հետո Փաշինյանը նրան այլևս չվստահեց և նախընտրեց Փելեշյանին: Այժմ, երբ Փելեշյանը չի արդարացնում Փաշինյանի հույսերը, մարզպետը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից: Եվ դրա առաջին ծիծեռնակները արդեն իսկ երևում են: Այսպես ասած քայլած՝ ՔՊ-ականները, Լոռու ՔՊ խորհուրդը, ակտիվ կուսակցականները այնքան էլ գոհ չեն, որ հեղափոխության հաղթանակի մեջ իրենց լուման ունեցած ակտիվիստների փոխարեն Փաշինյանը պաշտոններ է բաշխում նախկին իշխանության կարկառուն, դեռ մի բան էլ՝ կիսաքրեական աշխարհի հետ կապեր ունեցող անձանց: Ակնհայտ է, որ եթե տեղի ունենան նոր ընտրություններ՝ ՔՊ-ականները անելու են ամեն բան, որպեսզի Փաշինյանի ընտրությունը կանգ առնի կուսակցականներից որևէ մեկի և ոչ թե Արկադի Փելեշյանի վրա:

Սպիտակում իրավիճակն էլ ավելի զավեշտալի է: Այստեղ, ըստ էության, ՔՊ-ականները դուրս են եկել ՔՊ-ականների դեմ, հենց իրենք՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն են տորպեդահարում ավագանու նիստերը և արդյունքում համայնքապետարանը բնականոն գործելու հնարավորությունից պարզապես զրկված է: Ըստ էության, ՔՊ-ականները Սպիտակում թեևրի են բաժանվել և այդ թևերից առնվազն մեկը չի ցանկանում համայնքապետի պաշտոնում տեսնել ներկայիս համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին:

Ահա այսպիսին է ՔՊ-ականների պատասխանատվության զգացումը սեփական ընտրողների հանդեպ. պարզվում է, որ ներքին գզվրտոցներին տուրք տալը շատ ավելի կարևոր է, քան ստանձնած պարտավորությունները հավուր պատշաճի կատարելը...