Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը՝ «Իշխանություն 2»-ը, մեծ իրարանցում է առաջացրել իշխանությունների ու նրանց համակիրների մոտ


17:21 , 11 նոյեմբեր, 2022

Նիկոլականները խուճապի մեջ են

Պարզվում է՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը՝ «Իշխանություն 2»-ը, մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն հանդիսատեսի, կինոմանների մոտ, այլև՝ հատկապես իշխանությունների ու նրանց համակիրների: Բանը հասել է նրան, որ նիկոլականները ֆիլմի պաստառն են սպառանցել այրել, սոցիալական ցանցերում զբաղված են ֆիլմի վարկաբեկմամբ, երազում են ֆիլմի ցուցադրման արգելք սահմանելու մասին, ջանում են հնարավորինս արդյունավետ հակաքարոզչություն իրականցնել՝ ֆիլմի հեղինակներին ներկայացնելով՝ ազգի թշնամիներ և այլն: Կարճ ասած՝ ընկել են լուրջ ցնցումների մեջ ու չգիտեն՝ է՛լ ինչ անեն, որ «Իշխանություն 2»-ը ձախողեն:

Բնական հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների այսօրինակ տագնապն ու կենդանական վախը: Խնդիրն այն է, որ ֆիլմը բացահայտում է ՔՊ-ականների ներքին խոհանոցն ու ի ցույց դնում իշխանությունների իրական էությունը՝ ի դեմս Նիկոլի ներաշխարհի ու անբարո նկրտումների: Ցուցադրել նմանբովանդակ ֆիլմ՝ դրանով ժողովրդական լայն զանգվածների համար բացահայտելով իշխանությունների իրական դեմքն այն էլ մի փուլում, երբ առանց այն էլ նույն այդ իշխանությունների ժողովրդական վարկանիշը հասնում է պատմական մինիմումին, խիստ վտանգավոր է դիտարկվում: Հեղափոխական էյֆորիայի տոտալ չգոյության, հայրենիքի կորստի, մեծաթիվ զոհերի ու նրանց հարազատների հալածման, սոցիալական վատ վիճակի ֆոնին իշխանությունների բարոյական կերպարն ի ցույց դնող ցանկացած երևույթ խիստ ցավագին է ընդունվում Հայաստանը ծնկի բերած ուժի ու դրա մանկլավիկների կողմից՝ զրոյացնելով իշխանական «փիառշիկների» ջանքերն ու խաբեբայությունները: