Հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել սննդի կետում կրակոցների գործով կասկածյալը՝ «Վարդենիսցի Ռոմիկը»


18:52 , 4 նոյեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 4-ին ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում ձերբակալվել է Վարդենիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Մինասյանը․ նա Գեղարքունիքի մարզում քրեական պատմություններով հայտնի մականունավոր «Վարդենիսցի Ռոմիկն» է, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջինս կասկածվում է նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ի սահմանում Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայից սննդի կետ է տեղափոխել դեռևս չպարզված ինքնաձիգ, ապա մի քանի անձանց ներկայությամբ սենյակի պատուհանից անկանոն կրակոցներ է արձակել։

Ըստ աղբյուրի՝ Ռ. Մինասյանը հայտնաբերվել է Վարդենիսում հայտնի «Ցլանոց» կոչվող ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։