Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի փողոցի սեփական տներից մեկի նկուղում խառատային հաստոցն ընկել է քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի չորրորդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն: Հրշեջ-փրկարարները հաստոցի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ, 72-ամյա Սեյրան Ա.-ի դին և մոտեցրել դիատարին:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։