Բորիս Ջոնսոնը պատրաստ է կրկին պայքարել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար


16:16 , 22 հոկտեմբեր, 2022

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, կառավարության հաջորդ ղեկավարի ընտրություններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Ջոնսոնի գործընկերոջը։

«Պահպանողական» կուսակցության պատգամավոր Ջեյմս Դադրիջը հեռուստաալիքին ասել է, որ Ջոնսոնը ծրագրում է մասնակցել Մեծ Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարին։

Նա հավելել է, որ այժմ նախկին վարչապետը վերադառնում է արձակուրդից, որն անցկացնում էր Կարիբյան ծովում։

Ընտրություններին մասնակցելու համար Ջոնսոնին անհրաժեշտ է պահպանողական պատգամավորների 100 ձայն ստանալ: Այս պահի դրությամբ նրան հրապարակային աջակցել է 43 պատգամավոր: Մեծ Բրիտանիային ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակին հրապարակային աջակցել է 74 պատգամավոր, իսկ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը, որը միակն է, ով պաշտոնապես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, ստացել է 18 պատգամավորի աջակցություն:

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2019-2022 թվականներին: 2022 թվականի սեպտեմբերի 6-ին Ջոնսոնը հրաժարական էր տվել, նրանց այդ պաշտոնում փոխարինել էր Լիզ Թրասը: