Ամբողջ աշխարհում բոլոր պետական ինստիտուտները չեն հասցնում փոփոխությունների հետևից. ԱԳՆ մամուլի խոսնակ


20:16 , 7 հոկտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Տեղեկատվական անվտանգության խնդիրները առանձնահատուկ չեն Հայաստանի համար, ամբողջ աշխարհում վստահության հսկայական պակաս կա քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների և լրատվամիջոցների նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հիբրիդային պատերազմ․ տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Մարդիկ ավելի շատ վստահում են ընկերներին, ընտանիքին, ծանոթին, բարեկամին, որը լրիվ ասեկոսեների հիմք է հանդիսանում: Կարելի է օրինակ բերել կորոնավիրուսի ժամանակաշրջանից: Պետությունը, գիտնականները, բժիշկները բազմաթիվ ապացուցված փաստեր էին բերում, բայց բնակչության զգալի մասը, միևնույն է, հավատում էր ինչ-որ այլ երկրում գտնվող մարզի երկար մորուքով գիտնականի ասածին, որ ձեզ չիպավորում են: Ինչո՞ւ, որովհետև մարդկային բնույթը այնպիսին է, որ ցանկանում է սկանդալային, դավադրապաշտական բաների հավատալ: Նորություն չեմ ասի, որ աշխարհում կան բազմահազար մարդիկ, որոնք հավատում են, որ Երկիր մոլորակը հարթ է, գնդաձև չէ»,- նշեց Հունանյանը:

ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության արդյունքում գործընթացները ավելի են արագանում:

«Բոլոր պետական ինստիտուտները, որոնք ստեղծվել են արդյունաբերական հեղափոխության արդյունքում, չեն հասցնում այդ փոփոխությունների հետևից: Մինչև օրենք ես մշակում՝ «Տելեգրամ»-ը նոր թարմացում է մտցնում, «ՏիկՏոկ» հավելվածն է հայտնվում: Այսինքն՝ շատ դժվար է հասնել այդ փոփոխությունների հետևից: Սա միջազգային ֆենոմեն է, և բոլորը ունեն այդ խնդիրը»,- ասաց Հունանյանը: