Նիկոլը Ռուսաստանին հռչակեց դահիճ


15:42 , 4 հոկտեմբեր, 2022
«Հավաստի աղբյուրը» ևս մեկ հոդված է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչ է ուզում Ռուսաստանը՝ «ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության»:

Ըստ էության՝ Նիկոլի «հավաստի աղբյուրը» գրեթե ոչ մի նոր բան չի բացահայտել. այն, ինչի մասին հոդվածում խոսվում է, նույնիսկ միջին կարողությունների տեր փորձագետի համար չի կարող նորություն համարվել՝ է՛լ չասած նախագահների մասին, որոնք հաստատապես Նիկոլի հոդվածից չէ, որ պետք է տեղեկանային՝ ինչ է ուզում Ռուսաստանը կամ ցանկացած այլ ուժային կենտրոն:

Հոդվածը մեկ այլ տեսանկյունից է հետաքրքիր՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի առջև դրված նախապայմանի բացահայտման՝ հենց Նիկոլի կողմից:

«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար»,-հավատացնում է «հավաստի աղբյուրը»:

Փաստորեն՝ Նիկոլի թերթ-կայքը վերջին տարիներին մեզ հետ կատարվողի ողջ պատասխանատվությունը գցում է ՌԴ-ի վրա՝ հենց այդ երկրին համարելով թե՛ Արցախի կորստի, թե՛ Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակի պատասխանատու ու «մոդերատոր»: Միևնույն ժամանակ Նիկոլը մի տեսակ հանրութան դատին է արժանացնում Մոսկվայի առաջարկը՝ հայաստանցիներին՝ միանալու «բածկային», սեփական «մոր փորն ընկնելու»:

Այս իմաստով Նիկոլի հոդվածի հասցեատերերը ոչ այնքան երեք նախագահներն են, որքան՝ հայ հանրությունը, շարքային քաղաքացիները: Փաստորեն՝ Նիկոլը հարց է դնում հանրության առաջ՝ մեռնե՞լ, թե՞ միանալ միութենական պետությանը: Ընդ որում՝ այդ հարցը դրվում է այնպես, որ դրան տրվելիք ցանկացած դրական պատասխան կարող է անբարոյական դիտվել. եթե ռուսն է մեր դահիճը, ապա ի՞նչ բարոյական իրավունքով պետք է միություն կազմել նրա հետ:

Վստահաբար, տվյալ հարցը մեկ անգամ չէ, որ Նիկոլն ու ՌԴ ղեկավարը միասին կարող էին քննարկած լինել: Նիկոլը, վստահաբար, գցելով իր վրայից պատասխանատվությունը, մատնացույց է արել հայ հանրութանն ու ասել, որ դա մի հարց է, որը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, և ինքը չի կարող գրչի մեկ հարվածով ազգի ճակատագիր որոշել, ուստի՝ նախ պետք է «ջերմաստիճանի ստուգում» իրականացնի ու հետո միայն «հա» կամ «չէ» ասի: Այս հոդվածի բուն նպատակը տվյալ տարբերակին հայ հանրության արձագանքի ստուգումն է, ուղղակի դա արվել է այնպես, որ հանրության շրջանում հնարավորինս բացասական վերաբերմունք ձևավորվի ռուսական առաջարկի վերաբերյալ,որ երբ պահը գա, Նիկոլը «կրուտիտի» տեղ ունենա ու Հայաստանը հանգիստ խղճով թուրքերին հանձնի: