Նիկոլի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին


15:44 , 3 հոկտեմբեր, 2022
Նիկոլն իր ընտանեկան թերթ-կայքում մի հոդված է հրապարակել՝ ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին:

«Հավաստի աղբյուր» ներկայացած Նիկոլը, գույքագրելով Հայաստանից Ադրբեջանի ունեցած պահանջները, գրել է. «Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Միաժամանակ Նիկոլը պարզաբանել է, թե սրանով հանդերձ ինչ է ակնկալվում. «…Կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»: Միաժամանակ «հավաստի աղբյուր» Նիկոլը խոստացել է հաջորդիվ անդրադառնալ այն հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
Այն, որ Նիկոլը որոշել է, այնուամենայնիվ, արձագանքել Տեր-Պետրոսյանին հենց այս ֆորմատով, խոսում է այն մասին, որ նախագահների հետ երկխոսության մեջ մտնելու իրական ցանկություն սույն անձն ուղղակի չունի. եթե ունենար, անկապ ստորագրությամբ մի ինչ-որ հոդվածով չէ, որ կարձագանքեր բարձրացված հարցերին ու կհամենար ֆիզիկապես հանդիպել նախագահների ու Կաթողիկոսի հետ:

Միևնույն ժամանակ Նիկոլի այսօրինակ արձագանքը ոչ միայն ֆիքսում է նրա հոգու խորքում կատարվողի նրբերանգները, այլև ծնում են լրջագույն հարցեր: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ Ադրբեջանի պահանջներին քաջատեղյակ «հավաստի աղբյուր» Նիկոլը տեղյա՞կ է, թե Հայաստանն ինչ տեսակետներ կամ սկզբուքններ ունի, ինչ խնդիր է իր առաջ դրել,ինչ պահանջ ունի-չունի: Կամ ԱԺ ամբիոնից պարբերաբար 29800քկմ-ից խոսող Նիկոլը Ալիևին փակ սենյակներում գոնե այդ մասին ասո՞ւմ է, դնո՞ւմ է պահանջ, սակարկո՞ւմ է, ի՞նչ է անում կուպեներում առհասարակ:

Միայն մի բան է անում՝ սիմուլյացիա. ավելի հանճարեղ սիմուլյանտ այս աշխարհն ուղղակի չի ծնել, և դա փաստ է՝փաստ, որ բոլորիս մի ողջ հայրենիք արժեցավ: