Առկա լարվածության ֆոնին Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին


09:29 , 3 հոկտեմբեր, 2022

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ժնևյան հանդիպման ժամանակ առաջարկել է, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև չսահմանազատված սահմանի վրա ստեղծված լարվածությունը, սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր, այլ հոկտեմբերին:

Այս մասին կիրակի Ժնևում նախարարների հանդիպման արդյունքներով հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ժնևում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Նախքան այս Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: