Բերդի համայնքապետի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանը կալանավորվել է


18:52 , 30 սեպտեմբեր, 2022

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և 2ամսով կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։

Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը։

Մելիքյանի, Առաքելյանի և Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ են ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան։

Նշենք, որ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ավագանու անդամների երեք թեկնածուներն էլ օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, սպառնացել են լուծել Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքային պայմանագիրը և ընտրություններից մեկ ամիս առաջ հարկադրել նրան ընդգրկվել «Զորավոր համայնք» դաշինքում, դրա օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Բերդ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։