Նիկոլը «սուր է ճոճում» Ռուսաստանի դեմ


13:34 , 29 սեպտեմբեր, 2022
Այսօրվա կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում, ուր տեղի էր ունեցել Ադրբեջանի ԶՈւ հերթական սադրանքը, Նիկոլը, ընդգծելով, որ Ադրբեջանն անում է ամեն բան՝ խաթարելու ՀՀ ԶՈւ վերազինումն ու անհրաժեշտ բարեփոխումները, ըստ էության, հերթական անգամ կծմծել է Ռուսաստանին՝ մեղադրելով Ադրբեջանի հրահրմամբ ՀՀ առաջ ունեցած դաշնակցային պարտավորութունները չկատարելու համար: Ըստ Նիկոլի՝ չնայած Հայաստանը հարյուրավոր միլիոններ է վճարել դաշնակցին, սակայն զենք չի ստացել: Միաժամանակ փառաբանելով հայ զինվորի սխրանքը՝ Նիկոլը հստակորեն ակնարկել է, թե որն է Մոսկվայի կողմից ՀՀ հանդեպ ունեցած պարտավորութունների չկատարման բուն նպատակը. ուզում են զրկել Հայաստանն ինքնիշխանությունից, ստիպել Հայաստանին՝ գնալու տարածքային զիջումների, բայց Հայաստանը երբեք չի գնալու դրան՝ մինչև վերջ պաշպանելով սեփական ինքնիշխանությունը:

Նիկոլի ակնարկներում հստակ զգացվում է Արևմուտքի շունչը: Ենթադրելի է, որ վերջին շրջանի արևմտյան ակտիվությունից ոգևորվել է Նիկոլն ու հիմա փորձում է տպավարություն ստեղծել, թե Հայաստանի ինքնիշխանության անխոնջ մարտիկն է ինքը:

Գուցե Նիկոլի խոսքերում կա ճշմարտություն, և, իհարկե, դժվար է ժխտել Բաքվի ազդեցությունը՝ ՌԴ կառավարող էլիտաների առնվազը մի հատվածի վրա, որով էլ, ըստ էութան, պայմանավորված է ստեղծված իրավիճակում Մոսկվայի կրավորական կեցվածքը՝ առնվազը մասամբ:

Բնական հարց է առաջանում՝ եթե Հայաստանը մերժում է ՌԴ-Բելառուս միութենական պետություն մտնելու Մոսկվայի առաջարկ-պարտադրանքը, Նիկոլին Արևմուտքի կողմից տրվելո՞ւ են հստակ անվտանգային երաշխիքներ, որոնք բնավ չեն սահմանափակվում ասենք Հնդկաստանից զենք ձեռք բերելով: Կամ արդյոք ՌԴ կողմից վճարված փողի դիմաց համապատասխան մատակարարումներ չիրականացնելու հիմնապատճառն Արդբեջանի քմահաճույքները բավարարելու Մոսկվայի մանյա՞ն է, թե՞ գործող ՀՀ իշխանությունների հանդեպ ունեցած խորքային անվստահությունը: Կամ եթե Նիկոլը որոշել է ինքնիշխանության համար կռիվ տալ, ապա ինչո՞ւ է առիթի դեպքում լիզում իրեն իբր ստրկացնել փորձող «ցարի» կոշիկները՝ մի բան, որի համար ընդդիմադիր Նիկոլը ժամանակին մեղադրում էր նախկիններին:

Իրականում Նիկոլը փորձում է Սուրիկի մեղքերը բարդել Հյուսիսի վրա՝ պնդելով, թե Հայաստանը երկու տարի ժամանակը վատնել է ոչ թե Սուրիկի անգործության պատճառով, այլ՝ Հյուսիսում մեր երկրի դեմ իբր հյուսված դավադրությունների: Այնինչ, եթե նույնիսկ Հյուսիսում նպատակ են դրել՝ ոչնչացնելու Հայաստանը, ինչպես պնդում է Նիկոլը, ապա ՀՀ իշխանութունների խնդիրն էր լինելու բոլոր հնարավոր միջոցներով նրանց մտափոխելը, բայց ոչ դատարակ շանտաժների գնով՝մի բան, որը հիմա է արվում մի դեպքում, երբ պարզ չէ՝ հետագա գոյության ինչ երաշխիքներ է ստանալու Հայաստանը՝ մերժելով ռուսական ինտեգրացիոն պրոյեկտի մեջ մտնելու հեռանկարը, եթե, իհարկե, ռուսներն իսկապես այրվում են Նիկոլին Լուկաշենկոյի հետ խաչասերելու ցանկությունից: