Ալիևը Ռուսաստանին դուրս է մղում Կովկասից


17:57 , 28 սեպտեմբեր, 2022

Ալիևը Ռուսաստանին դուրս է մղում Կովկասից

Մինչ ՌԴ-ն փորձում է ամեն գնով դուրս գալ ուկրաինական ճահճից՝ վտանգավոր իրավիճակում հայտնվելով, Կովկասում իր դիրքերն է ամրապնդում Արևմուտքը՝ շնորհիվ Ադրբեջանից Հայաստանի համար բխող գոյաբանական վտանգների ու դրանց չեզոքացման հարցում Արևմուտքի գործադրած գործուն ջանքերի:

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ հանդիպումը կազմակերպելու, ամուր խաղաղության ապահովման գործում ներդրած ջանքերի համար՝միաժամանակ կոնկրետացնելով, թե ինչ են քննարկել կողմերը. քննարկվել են խաղաղության համաձայնագրին, սահմանների դելիմիտացիային, տրանսպորտային ուղիների բացմանը առնչվող հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են հակահետևակային ականներին, անհետ կորածներին, որոնք արդեն հանդիսանում են հումանիտար օրակարգի մաս։

Իր ադրբեջանցի գործընկերոջն է երկրորդել Գրիգորյան Արմենը՝ հայտնելով, որ քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ կարևորելով վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

Հայտնի է դարձել նաև, որ կոնգրեսական Ջեքի Սփիերը բանաձև է ներկայացրել Ադրբեջանի դեմ ամերիկյան պատժամիջոցների պահանջով, իսկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի մեկ այլ անդամ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ միասին ներկայացրել է երկկուսակցական համատեղ բանաձև, որով կոչ է արվում դադարեցնել անվտանգային աջակցությունն Ալիևի վարչակարգին և դատապարտել Բաքվի անօրինական ու չսադրված հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Բացի դա՝ Ֆրանսիայի նախագահը Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցում կրկնել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջը՝ կարևոր համարելով ուժերի հետքաշումը իրենց սկզբնական դիրքեր: Սրան գումարած՝ հանդիպել են ՀՀ ու Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարները: Սեբաստիան Լեկորնուն հայտնել է, որ «ամենաարագ ժամկետում» ֆրանսիական պատվիրակություն կժամանի Հայաստան՝ տեղում իրավիճակի գնահատման համար: Հայաստան են ժամանել ֆրասիացի սենատորներ՝ հանդիպելով ՀՀ ԱԳ նախարարին: Միաժամանակ ԱՄՆ դեսպանն է գնացել Սյունիք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և այլն:

Ինչպես կարելի է արձանագրել, Իլհամի կողմից իրականացված վերջին ագրեսիան լավ առիթ է դարձել, որպեսզի Արևմուտքը գրեթե աննախադեպ ակտիվություն ցուցաբերի հայ-ադբեջանական կոնֆլիկտի հարթեցման, կարգավորման գործում, և սա՝ այն դեպքում, երբ նկատելի է Ռուսաստանի ոչ այնքան մեծ ակտիվությունը: Կարելի է ասել՝ Արևմուտքը ջանասիրաբար փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը վերցնել իր ձեռքը՝ստանձնելով այն նուն դերը, ինչ որ Ռուսաստանը՝ տասնամյակներ շարունակ. անպաշտպան մնացած հայերին պաշտպանում են արյունարբու թուրքերից:

Սա, իհարկե, Մոսկվայի համար խիստ անցանկալի սցենար է՝ նկատի ունենալով Կովկասի կարևորագույն նշանակությունը՝ այդ երկրի աշխարհաքաղաքական ու անվտանգային շահերի տեսանկյունից: Ստացվում է, որ փետրվարին Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ մտած Իլհամն իր անպատասանատու վարքագծով՝ թելադրված Թուրքիաի կողմից, էապես նպաստեց տարածաշրջանում արևմտյան ազդեցության մեծացմանը, ու քանի որ Մոսկվան թուլացել է, վերջինիս համար նույնիսկ այս սցենարը ավելի ցանկալի է թվում, քան երկրորդ ճակատի բացման իրական վտանգը. լավ է կրակը մարի Արևմուտքը՝ թեկուզ Կովկասում հզորանալու գնով, քան բացվի երկրորդ ճակատ, որին Մոսկվան ուղղակի չի դիմանա:

Հիմա ո՞ւմ ռազմավարական դաշնակիցն է Իլհամը…